Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թվում է, թե ժամանակին համընթաց նախաքննական մարմինները, հատկապես` դատախազությունը պետք է որ համակերպվեին այն իրողության հետ, որ նման քրեական գործերով իրենց գործողությունը հայտնվելու է հասարակական ուշադրության կենտրոնում, և որ պետք է չէ այլևս ավելորդ դաժանություն ցուցաբերել, հնարավորինս ծանր մեղադրանքներ առաջադրել, հնարավորինս շատ հոդվածներով, հնարավորինս մաքսիմալ ծանր պատիժներ միջնորդել ամբաստանյալների համար, որպեսզի հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե իբր այդ մարմիններն օբյեկտիվ են, անաչառ և պատրաստ են ամենածանր պատժի դատապարտել յուրաքանչյուրին, ով հանցագործություն է կատարել. այսօր դատարանում հայտարարեց «Վերնիսաժ»-ի գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հրապարակելով իր պաշտպանական ճառը:
Պաշտպանը, թվելով քրեական գործ հարուցելու պահին քննիչների կողմից թույլ տված խախտումները, նշեց, որ հենց այդ ապօրինություններով էլ պայմանավորված է եղել քրեական գործի հետագա ընթացքը: Սարգսյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց որևէ հիմք ունենալու, ընդամենը իր կամայական ցանկություններից ելնելով և դեպքի հասարակական հնչեղությունից կաշկանդված, պարզված է համարել , որ Գոռ Առաքելյանը երկու անձանց սպանելու դիտավորություն է ունեցել, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել նրանց սպանել, որ գործել է խուլիգանական դրդումներով, կամ որ ցանկացել է ընդգծել իր կարծեցյալ առավելությունը, և նման ծանր հոդվածներով քրեական գործ հարուցել:
Պաշտպանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել էր անհիմն՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, սակայն մեղադրող դատախազը, դատաքննության ընթացքում համոզվելով, որ այդ շինծու մեղադրանքները որևէ ապացույցով չեն հիմնավորվում, վերաորակեց Առաքելյանին մեղսագրվող արարքները:
«Մեղադրողի այդ որոշումից հետո հույս ծագեց, որ դատախազությունը երբեմն կարողանում է իր մեջ ուժ գտնել և նույնիսկ հասարակական հնչեղություն ստացած գործերով արդար որոշումներ կայացնել, ինչից ելնելով էլ` հույս ունեինք, որ մեղադրողը գոնե իր մեղադրական ճառից առաջ լիարժեք օբյեկտիվություն կցուցաբերի և կհրաժարվի նաև այն որակումներից, թե իբր Գոռ Առաքելյանը գործել է խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սակայն պարզվեց, որ դատախազությունը դեռևս վերջնականապես չի հաղթահարել հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերով իր կոմպլեքսները»,- ասաց Սարգսյանը:
Պաշտպանը մի շարք փաստարկներով, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի որոշումներով փորձեց հիմնավորել, որ Առաքելյանի արարքներում բացակայում են խուլիգանական դրդումները: Նա նշեց, որ փորձագիտական եզրակացություններով ապացուցված է համարվել, որ գործով տուժողներ Մնացական Սուքիասյանի և Ալվինա Բադալյանի վնասվածքները պատճառվել են Գոռ Առաքելյանի կրակոցի հետևանքով ասֆալտից անդրադարձի ենթարկվելուց հետո: Այսինքն` իր պաշտպանյալը վախեցնելու նպատակով կրակել է գետնին և չի պատկերացրել, որ հնարավոր է վնասվեն քաղաքացիներ: Պաշտպանը փաստարկներ ներկայացրեց նաև այն մասին, որ գործով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելիս Գոռ Առաքելյանը չի գործել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, և որևէ այլ անձ չի վնասվել:
Պաշտպանը, միաժամանակ, նշեց, որ Ներսես Մելքոնյանը, Ալվինա Բադալյանը, Մյասնիկ Հայրապետյանը և Մնացական Սուքիասյանը Գոռ Առաքելյանի նկատմամբ որևէ բողոք չեն ներկայացրել, իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` եթե բացակայում է տուժողի բողոքը, ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 1-ին մասով Առաքելյանի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել:
Այսպիսով` պաշտպանը դատարանին խնդրեց Գոռ Առաքելյանին մեղսագրվող արարքներին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական, այն է՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքները վերաորակել ՀՀ ՔՕ 120-րդ հոդվածի 2-րդ մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում կայացնել Գոռ Առաքելյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 2-րդ մասով, 121-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին և այդ մասով քրեական գործի վարույթը կարծել՝ տուժողների բողոքների բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով Գոռ Առաքելյանի նկատմամաբ նշանակել արդարացի ՝ նշված հոդվածներով նախատեսված նվազագույն պատիժները: