կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 11:51
Աշխարհ

Ռազմական հեղաշրջում՝ Սուդանում. բանակը պաշտոնանկ է արել Օմար ալ Բաշիրին

Ռազմական հեղաշրջում՝ Սուդանում. բանակը պաշտոնանկ է արել Օմար ալ Բաշիրին

Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Երկրի ԶՈւ գլխավոր շտաբն իր այսօրվա արտահերթ նիստում որոշել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին՝ լուծարելով կառավարությունը. տեղեկացնում է BBC-ն:

Նիստը տեղի է ունեցել ալ Բաշիրի բացակայությամբ: Բանակի բարձրաստիճան հրամանատարությունը որոշել է պաշտոնից հեռացնել նախագահին, նրա տեղակալներին եւ հրաժարական պարտադրել կառավարությանը` ձեւավորելով ռազմական խորհուրդ, որը երկիրը կղեկավարի անցումային շրջանում:

Մայրաքաղաք Խարթումի փողոցներում ուժեղացված է բանակի ներկայությունը։ Զինվորականները վերահսկում են երկրի հեռուստատեսությունը: Հեռուստատեսությամբ ցուցադրվում են ռազմական քայլերթեր, առաջիկայում բանակը խոստանում է հանդես գալ «կարեւոր հայտարարությամբ»։

Հիշեցնենք, որ Սուդանում արդեն մոտ չորս ամիս է` շարունակվում են ժողովրդական ընդվզումները, որոնք սկսվել են հացի գների իջեցման պահանջով, բայց աստիճանաբար վերածվել են Օմար ալ Բաշիրի ռեժիմը փոխելու պահանջի: Բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում սպանվել է մոտ 60 մարդ: Վիրավորների թիվն անցնում է մի քանի հարյուրը, իսկ կալանավորվածներինը՝ մի քանի հազարը:

Օմար ալ Բաշիրը նույնպես իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: Նա Սուդանը կառավարում էր արդեն 30 տարի: