կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 14:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը պետք է դուրս գա ու ասի՝ եղբա՛յր, մենք այլ նպատակով ենք հեղաշրջում արել

ՍԴ-ի առջև այսօր ընդամենը մեկ քաղաքացի է եկել ու վանկարկել՝ « Հրայր Թովմասյան հեռացիր», բայց զարմանալի չի լինի, եթե համացանցում տեղեկություն տարածվի, թե ժողովուրդը պահանջել է Հրայր Թովմասյանի հրաժարականը՝ ըստ Yerkir.am-ի, չի բացառել տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը այսօրվա տեխնոլոգիաների ընձեռած անսահմանափակ հնարավորությունների պայմաններում:

«Եթե այդ մարդը Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջեր համացանցում, ապա իր շուրջը կհավաքեր ֆեյքերի բանակ, որը «լայքերով» ու քոմենթներով կաջակցեր նրան: Բայց քանի որ այդ քաղաքացին վիրտուալ աշխարհում չի եղել, այլ ՍԴ-ի դիմաց, դրա համար էլ նա եղել է մեն-մենակ՝ առանց ֆեյքերի բանակի»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Մեդիա-մանիպուլյացիան  իշխանությունների զենքն է: Այսօրվա բռնապետությունը, ֆեյք-հեղափոխությունը, որ տեղի ունեցավ,  հենց մեդիա-մանիպուլյացիաների շնորհիվ է եղել. հոգեբանի ու տեղեկատվական անվտանգության փորձագետի գնահատականն  է:  

Նրանք համակարծիք են՝ նպատակն այն է, որ ինչպես մյուս դատարանները, ՍԴ-ն էլ  իշխանությունների  հրահանգով աշխատի:  

Կամայականությունների ճանապարհով հասնելու են իրենց նպատակին։

Իսկ դրա վառ օրինակները կան՝ կրթության ոլորտում ուսանողները դուրս եկան բողոքի, նրանց ջարդեցին, երեկ զոհված զինվորի հարազատներին փողոց փակող վարչապետն ասաց. «Եթե փողոց եք փակում, ես չեմ հանդիպի ձեզ հետ»:

Հենց TV5 հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալեցին, հաջորդ իսկ օրը Նարեկ Մութաֆյանին բաց թողեցին, որովհետև Նարեկն արդեն պետք չէր նրանց, Արմեն Թավադյանն իրենց ձեռքում է:

«Այս ամենն ապօրինությունների մեծ շարք է, որ իշխանությունները քաղաքական որոշումներով են հիմնավորում, ու ամենի հիմքում  ոչ թե քաղաքական որոշումներն են, այլ օրենսդրության խախտումը, որը շարունակաբար տեղի է ունենալու, մինչև որ ժողովուրդը չկանգնեցնի իշխանություններին: Այս հիասթափությունից ժողովուրդը պետք է դուրս գա ու ասի՝ եղբա՛յր, մենք այլ նպատակով ենք հեղաշրջում արել»,- ՍԴ-ի շուրջը ծավալված թեժ իրադարձությունները մեկնաբանեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկեցարել էր, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։