կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 12:26
Հասարակություն

Հայաստանը մեքենաների գերեզմանո՞ց է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեքենաների գերեզմանո՞ց է. Նիկոլ Փաշինյան

Նորագավիթի մաքսատուն այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնելու այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։

«Կնայենք, կդիտարկենք։ Մենք պիտի էդ հարցը շատ լուրջ նայենք, չէ՞: Հիմա 300 դոլարով Հայաստան ենք ներկրում 2000 թվականի մեքենա ու ներկրում ենք հազարներով: Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Ամեն օր ասում ենք՝ վայ, խցանումները, խցանումները, հետո էլ ասում ենք ՝վայ, վթարները։ Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզմանո՞ց է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս ամենը խնդիր է:

Ինչ վերաբերում է հարցին, թե Ղազախստան էլ են մեքենաներ տանում Հայաստանից, վարչապետը հավաստիացրեց. «Հա, տանում են, բայց մեր երկրում էլ է, չէ՞, մնում»:

Նա հավելեց, որ չի ցանկանում ներկրումների ծավալը կրճատել, ցանկանում է, որ մեքենաների պարկը թարմանա: «21-րդ դար ենք մտնում, էլեկտրամոբիլներին էլ հարկային արտոնություն տվեցինք»,- բացատրեց նա` միևնույն ժամանակ նշելով, որ այո, այստեղ սոցիալական խնդիրներ կան, բայց նաեւ նոր մտածողության խնդիրն էլ կա: «Մենք պետք է մեր երկրի պատկերի մասին մտածենք»,- եզրափակեց Փաշինյանը: