Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը, եւ շատ կարեւոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար, մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետեւյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշման էությունը հետեւյալն է, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձեւավորման գործիք է:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաեւ 2021-ի արտահերթ ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ժողովրդավարությունն իրենց համար առաջնհերթություն է եւ կառավարությունը հանձնառու է ՀՀ-ում կայացնել ու զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները։
«Մենք պետք է այդ բարձրագույն լիգայում ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել, երկրորդ՝ պետք է այս ցուցանիշները կարողանանք կապիտալիզացնել ՀՀ-ի օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգությամբ: Այս ընթացքում մենք տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն՝ նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին: Եթե որեւէ երկրում գործունեություն ծավալելու կամ չծավալելու վերաբերյալ որոշում պետք է կայացնեն, առաջին հերթին ծանոթանում են այսպիսի զեկույցներին եւ դրանց բովանդակությամբ են անում իրենց հետեւությունները»,- ընդգծեց Փաշինյանը: