կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 11:35
Հասարակություն

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևին միացել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 պատգամավոր

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևին միացել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 պատգամավոր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ` ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գաս Բիլիրակիսի` այդ ոճրի ճանաչումը պահանջող նոր բանաձևին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 պատգամավոր: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևում պահանջվում է ԱՄՆ քաղաքականության մեջ ամրագրել հետևյալ դրույթները`

1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,

2. ԱՄՆ կառավարության կողմից այդ հանցագործության պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,

3. ժամանակակից աշխարհում նույնանման հանցանքները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ իրազեկումում կազմակերպելու կարևորության գիտակցում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների երկկուսակցական նախաձեռնությունը՝ մինույն ժամանակ կարևորելով հատկապես այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ապագա սերունդները պետք է կրթության միջոցով տեղեկացված լինեն հայերի դեմ կազմակերպված հանցագործության փաստերի մասին:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, անդրադառնալով բանաձևին, նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված և 1,5 միլիոն հայի կյանք խլած ցեղասպանությունը «պարզապես անցյալի փաստ չէ, այլ ներկայում օդից կախված սպառնալիք»:

«Նման ոճրագործության հերքումը ոչ միայն շարունակական  վիրավորանք է վերապրածների համար, այլև մեկ այլ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնության վտանգ: Այստեղ ավելի կարևոր է դառնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի ճանաչումը»,- ընդգծել է կոնգրեսականը: 

Կոնգրեսական Գաս Բիլիրակիսն  իր հերթին նշել է, որ «Ցեղասպանությունը ոչ թե պետք է հերքել, այլ ընդունել` որպես մարդկության համար մեծ փորձանք»: «Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ արտաքին քաղաքականությունում խիզախության նոր էջ կբացի: Գործող վարչակազմի հաստատուն գլխավորությամբ՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները կանգնի Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ»,- շեշտել է կոնգրեսականը: