կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-10 11:31
Առանց Կատեգորիա

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է. Կիրո Մանոյան

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է. Կիրո Մանոյան

Դրական եմ վերաբերվում ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությանը և կարծում եմ՝ այս անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աջակցության հավանականությունը բավական մեծ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Ադամ Շիֆի ու Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը։

«ԱՄՆ կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատներ են, թեև այս նախաձեռնությունը երկու կուսակցությունների կողմից է, և ստորագրած այդ 70-ի թվում կան նաև հանրապետականներ։ Զարգացումների բարեհաջող ընթացքի հավանականությունն այս անգամ ավելի բարձր է, քան, ասենք, նախորդ Կոնգրեսի ժամանակ», – ասաց մեր զրուցակիցը։

Կիրո Մանոյանը միաժամանակ հիշեցրեց՝ եղել է նաև նախադեպ, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բավական մեծ թվով ստորագրած կոնգրեսականների որոշումն այդպես էլ քվեարկության չդրեց։

«Տեսականորեն չի բացառվում, որ նույն բանն արվի նաև այս անգամ։ Իհարկե, այն ժամանակ ԱՄՆ նախագահը դեմկորատ էր, և գուցե՝ այդ պատճառով այդպես ստացվեց։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս անգամ հավանականությունն ավելի մեծ է», – ասաց դաշնակցական գործիչը։

Կիրո Մանոյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ արտաքին քաղաքական հարց է համարվում, իսկ արտաքին քաղաքականությունը Միացյալ նահանգներում, կարելի է ասել, նախագահի մենաշնորհն է։

«Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մի քանի անգամ արդեն բանաձև որդեգրել է, և ԱՄՆ նախկին նախագահներից մեկն էլ՝ Ռոնալդ Ռեյգանը, հնչեցրել է Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Այն, որ ԱՄՆ 50 նահանագներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դա ավելի շուտ քաղաքական, քան իրավական քայլ է, որը կարող է ազդել ներքին կեցվածքի վրա։

Ամեն դեպքում, Դոնալդ Թրամփի պարագայում ոչինչ չի կարելի բացառել, սակայն պետք է հիշել, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ավելի շուտ կախված է գործադիրից։ Այս օրերին նախաձեռնություն կլինի, որ կոնգրեսականները դիմեն ԱՄՆ նախագահին, որպեսզի նա ապրիլքսանչորսյան ամենամյա իր ուղերձում օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրույթը», – նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։

Կիրո Մանոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահներն առավել հաճախ օգտագործում են Մեծ եղեռն արտահայտությունը՝ խուսափելու Հայոց ցեղասպանություն եզրույթից։

«Պարզ է, որ մենք ևս հաճախ Մեծ եղեռն ենք ասում։ Բայց երբ որևէ մեկը՝ թեկուզ ԱՄՆ նախագահը, ասում է Մեծ եղեռն՝ չասելու համար Հայոց ցեղասպանություն, դա արդեն վիրավորական է։ Մեծ եղեռնը սխալ եզրույթ չէ, եթե չի հնչեցվում Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու համար», – զրույցն ամփոփեց Կիրո Մանոյանը՝ միաժամանակ շեշտելով, որ եթե այս տարի ևս ԱՄՆ նախագահը զերծ մնա «ցեղասպանություն» բառը գործածելուց, դեռ չի նշանակում, որ ամերիկահայ լոբբին պետք է թևաթափ լինի։ Ի վերջո պետք է հիշել, որ 50 նահանգներից 49-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկ օրվա գործ չէ, այլ երկրատև աշխատանքի արդյունք։