Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվ Շաբիթին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը և նշել, որ այն հիմնականում կենտրոնացած է ՀՀ ԶՈՒ փոխգործակցելի կարողությունների զարգացմանն աջակցող կոնկրետ նախագծերի շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական նախագծերին` խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացմանը, այս ուղղությամբ ՀՀ ստանձնած նոր պարտավորություններին, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ կոնգրեսական Շաբիթի հանդիպումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության հետ կարևոր էր՝ հաշվի առնելով Հայաստանի մեծացող դերակատարումը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում: Դեսպանը հավելել է, որ հայ-ամերիկյան ամուր ռազմական հարաբերությունների մասին են փաստում օրերս Գավառի ու Հրազդանի հիվանդանոցներ Կանզասի ազգային գվարդիայի բուժանձնակազմի այցելությունը, ինչպես նաև հայ զինծառայողների վերջերս կատարած այցը Կանզաս նահանգ, և երկուստեք ցանկություն կա առավել խորացնել այդ կապերը: Ըստ դեսպանի` հենց այսպիսի գործընկերություններն են, ինչպիսին հայ-ամերիկյանն է, որ առանցքային են կայուն ազատության ու ապագա բարեկեցության համար:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների դերակատարությունը ԼՂ հակամարտության բանակցային կարգավորման գործընթացում և նշել, որ հայկական կողմը չափազանց կարևորում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` մշտադիտարկման ավելացման և հետաքննության մեխանիզմների ներդրումը, որը կանխարգելիչ դեր կունենա և պատասխանատվության շրջանակ կսահմանի: