կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 09:09
Աշխարհ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը

Մեծ հարված հասցնելով Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում արդարության հասնելու ճանապարհի խոչընդոտմանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի օգտին, որը պաշտոնապես մերժում է Թուրքիայի ժխտողականությունը հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, մարոնականների և մի շարք այլ քրիստոնյա ազգերի նկատմամբ իր կողմից իրագործված ցեղասպանության հարցում: Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևն ընդունվեց ձայների՝ 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ. հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ 

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց. «ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը, որը վերջ է դնում Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև օտար վետոյին: Այժմ մենք պետք է վճռականորեն շարժվենք մարդկության դեմ Թուրքիայի իրագործած ոճրագործության ճշմարիտ, արդար և համապարփակ լուծմանը, որը խլեց ավելի քան 1․5 միլիոն անմեղ հայի կյանք: Չնայած շատ բան կարելի է ասել այսօրվա քվեարկության մասին, բայց ամեն ինչ պարզից էլ պարզ է: Նախ՝ այս քվեարկությունը բացահայտեց Անկարայի՝ Ամերիկային  Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելուն խոչընդոտելու մեջ ներգրավելու փորձերը: Երկրորդ՝ այս քվեարկությունը Ամերիկային կանգնեցրեց արդարության կողմը, որը շատ երկար ժամանակ մերժվել է Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրած սերունդների համար»:

Հայոց ցեղասպանության մասին թիվ 296 բանաձևը սահմանում է՝

1) մերժել Հայոց ցեղասպանության ժխտումը,

2) ԱՄՆ-ի պաշտոնական կառավարության կողմից ճանաչել այս հանցագործությունը և հիշեցնել այդ մասին,

3) աջակցություն տրամադրել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի համար՝ ժամանակակից վայրագությունները կանխելու նպատակով։