Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվական վարչությունից:
Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց:
Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:
Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:
Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատուհասած աղետն աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:
Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հայկական կողմն աղետից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին:
Մարտի 28-ին կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:
«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և՛ Ռուսաստանի և՛ Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությանը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընթացին մասնակցած բոլոր կառույցներին և հաջողություն մաղթեց դեպի Իրան ուղևորվող ԱԻՆ աշխատակիցներին:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանին «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»:
«Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր գոհունակությունը հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանն ունի բավական մեծ փորձ և իր ավանդն է ներդնում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար:
Դեսպանը նշեց, որ անցած տարի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության ղեկավարության՝ Հայաստան այցելության ընթացքում նախանշվեցին ակտիվ համագործակցության եզրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկա այցելությունների ժամանակ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել հայկական և իրանական կողմերի՝ համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր:
Իր խոսքը դեսպանը եզրափակեց հայերեն «Շնորհակալություն» արտահայտությամբ: