կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 20:12
Արցախ

«Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում ներկայացնում է նոր հավաքածու

«Տերյան» մշակութային կենտրոնը Ստեփանակերտում ներկայացնում է նոր հավաքածու

Ստեփանակերտի պատկերասրահում այսօր բացվել է «Տերյան» մշակութային կենտրոնի տարազների նոր հավաքածուի և «Ղարաբաղ կարպետ» ընկերության կարպետների ցուցադրություն:

«Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման   խոսքով    հանդես  է  եկել    Ստեփանակերտի  պատկերասրահի  տնօրեն  Ելենա  Դադայանը:
Նա  կարևորել  է   պատկերասրահի  և  «Տերյան» մշակութային  կենտրոնի   հետ     ունեցած  սերտ   համագործակցությունը, որի   շրջանակներում  պարբերաբար   կազմակերպվում  են    նման   ցուցադրություններ: Ըստ տնօրենի՝ ցուցադրության  նպատակն  է, որպեսզի  հանրությունը   հաղորդակցվի  ազգային   մշակութային  արժեքներին   և   ծանոթանա  դրանց  հետ:

Ե.  Դադայանը    Ստեփանակերտի   պատկերասրահի   կողմից   ազգային  մշակութային  ժառանգության   պահպանման, տարածման  և  սերնդեսերունդ  փոխանցման  համար     շնորհակալագիր է հանձնել  «Տերյան» մշակութային  կենտրոնի  տնօրեն  Լիլիթ  Մելիքյանին.այն   ստացել է  կենտրոնի  ներկայացուցիչ  Ալլա  Պողոսյանը:   
Խոսելով    իրենց  գործունեության   մասին՝  «Տերյան» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Ալլա  Պողոսյանն ասել է, որ   արդեն  17  տարի  է,  ինչ   իրենք     զբաղվում են տարբեր   աշխատանքներով, այդ  թվում  մշակութային  հարցերով կրթում  ու դաստիարակում  են երեխաների, հաշմանդամների  և  բոլոր   նրանց, ովքեր  սիրում  և  գնահատում  են    հայկական  մշակույթը:
 
«Մենք  մասնակցում  ենք  տարբեր փառատոների՝  ներկայացնում  հայկական  մշակույթը  և  արժանանում   մրցանակների: Քանիցս եղել  ենք  Ստեփանակերտի պատկերասրահում  և  ցուցադրել  տարբեր   տարիների  մեր հավաքածուները, նկարները  և  դեկորատիվ-կիրառական  արվեստի  նմուշները:  Ունենք նաև  թանգարանային  նմուշներ, որոնք  ուսումնասիրում  և  կրկնօրինակում  ենք  ժամանակակից  մոտեցմամբ: Մեր  նպատակն   է, որ հայկական  տարազն   ավելի  ճանաչելի  դարձնենք  և  նոր  սերունդը   կարողանա  գնահատի  ու  տարածի հայկական  մշակույթը»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Պողոսյանը՝  նշելով, որ  իրենք կարևորում  են  նաև «Ղարաբաղ  կարպետ» ընկերության   գործունեությունը, որի   միջոցով     աշխահը   ծանոթանում  է արցախյան   գորգերին:
 
ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  փոխնախարար  Մելանյա  Բալայանն էլ  ասել է, որ   «Տերյան» մշակութային  կենտրոնի  ստեղծումն  շատ  կարևոր  է  հայկական   տարազի   պահպանման, տարածման, ինչպես  նաև   դրանք   նորաոճ   ու  ժամանակակից   դարձնելու    համար:
Ըստ   փոխնախարարի՝   կենտրոնն    ազգանվեր     առաքելություն  է  իրականացնում. այն հայկական ազգային   ավանդույթները  փոխանցում  է    նորօրյա   սերունդներին:
 
Նա   շնորհակալություն  է   հայտնել    «Տերյան»  մշակութային  կենտրոնի  տնօրեն  Լիլիթ  Մելիքյանին, ով    հանրությանը սիրով  ծանոթացնում  է    իր   ձեռքի  աշխատանքները: