Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային պատկերասրահում բացվել է «Նոր մատերիա. Սերգեյ Ջավադյանի հայկական վերացականության հավաքածուն» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված են «Բունկեր» խմբի աբստրակցիոնիստների՝ վեց արվեստագետ ընկերներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Արմեն Ռոչի (Հաջյան), Մարտին Պետրոսյանի, Օֆենբախի (Գրիգոր Գյուլեզյան) և Աշոտ Աշոտի (Աշոտ Ղազարյան) 42 ստեղծագործությունները։ Դրանք Ջավադյան ընտանիքը արտերկրից նվիրաբերում է Հայաստանի ազգային պատկերասրահին` հանրությանը հնարավորություն ընձեռելով վերաբացահայտելու այս շրջադարձային, սակայն մինչ օրս անտեսված ժառանգությունը։
Ցուցահանդեսի համադրողներն են Վիգեն Գալստյանը և Շողակաթ Ղազարյանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը իր խոսքում նշեց, որ միաժամանակ ցավալի և տարօրինակ է, որ այսօր 21-րդ դարում դեռևս ունենք ժամանակակից արվեստի ընկալման, արժևորման և վերարժևորման խնդիր, ուստի այս ցուցահանդեսը հրաշալի առիթ է վերացականության հավաքածուն ուսումնասիրելու, արժևորելու համար։
«Բոլորս էլ գիտենք, որ դարեր շարունակ աշխարհի բոլոր թանգարանների հավաքածուներ հիմքում հենց նվիրատվություններն են, և եթե չլինեին այն հրաշալի նվիրատուները, որոնք իրենց հավաքածուները ոչ թե պահում են որպես ժառանգություն իրենց տներում, այլ նվիրաբերում են տարբեր թանգարանների, այսօր աշխարհի ոչ մի թանգարան չէր ունենա այն հարուստ հավաքածուն, որը ունի և Ազգային պատկերասրահը։ Շնորհիվ նվիրատուներ Էլմիրա և Սերգեյ Ջավադյանների ընտանիքի` այսօր մեր թանգարան մուտք է գործում 20-րդ դարի վերջին հայկական ժամանակակից արվեստի ամենակարևոր հավաքածուներից մեկը, և այսօր ցուցադրվում են 6 արվեստագետի 42 ստեղծագործություն։ Ուզում եմ շեշտել, որ այս ամենը ստացվեց արվեստագետ Աշոտ Աշոտի աջակցությամբ և միջնորդությամբ》,- նշեց պատկերասրահի տնօրենը։
Ցուցահանդեսում իր մասնակցության, ստեղծագործությունների ստեղծման և արվեստի իր պատկերացումների վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է պիրո-արտիստ, ավանգարդիստ Հենրիկ Խաչատրյանի (Սէվի) հետ։
-Ինչպե՞ս որոշեցիք ձեր աշխատանքները ներկայացնել ցուցահանդեսում։
-Այն գործերը, որոնք ցուցադրված են Ազգային պատկերասրահում, Սերգեյ Ջավադյանի` դեռևս 1988-91 թթ. հավաքածուներից են, որոնք էլ ընտրվել են ցուցահանդեսի համադրողներ Շողակաթ Ղազարյանի և Վիգեն Գալստյանի կողմից, իսկ տվյալ աշխատանքներս հեղինակել եմ 1984- 1991 թվականներին։
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ սեւը ձեզ համար գույն չէ, իսկ սեւի դրսեւորումը ձեր արվեստում զգալի տեղ ունի, ուստի ո՞ր գույներն են հիմա գերակշռում ձեր արվեստում։
-Ինձ համար ավանդական պատկերացումները գույնի հանդեպ միշտ տարակուսելի են եղել: Սևը և մյուս գույներն այս դեպքում ոչ թե զգացմունքների արտահայտման միջոց են, այլ աշխարհընկալման հիմքերի ու արմատների փնտրտուքի փորձեր։ Հիմա էլ հաճախ նյութեր օգտագործելիս անդրադառնում եմ սևին, «Սևից բարձր գույն չկա» նշանաբանը նույնպես դրա ցուցիչն է համարվում ըստ իս։
-Երկար տարիներ է, ինչ բնակվում եք ԱՄՆ-ում, այդտեղ էլ ստեղծագործում, իսկ արվեստում ո՞րն է ձեր ազատությունը, ո՞ր միջավայրում եք ամենաանկաշկանդը ստեղծագործում։
-Ուզում եմ հատուկ նշել, որ «Նոր Մատերիա»-ն հանգուցային երևույթ է Հայատանի և հայության բավականին ճահճացած մշակութային ոլորտներում, ու չնայած, որ ես հակամշակույթի կողմնակից եմ, բայց որոշ հանգամանքներից դրդված պարտավորված եմ խոսել մշակութային եզրերով և մշակութանպաստ դիրքորոշումով։ Քանի որ ամբողջ 40 տարի (1984 թվականից) իմ ստեղծագործական գործունեությունն ու վարքը եղել է իմ անհատական կյանքի գլխավոր ու գերակշռող մասը, ապա միշտ փորձել եմ տարբեր հարթակներ օգտագործել իմ գաղափարները մատչելի դարձնել հնարավորինս շատերին, ովքեր հետաքրքրված են նման խնդիրներով։ Ես 25 տարի է բնակվում եմ Լոս Անջելեսում, բայց մի քանի տարին մեկ եկել եմ Հայաստան ու հիմնականում որևէ ստեղծագործական միջոցառման շրջանակներում իմ մասնակցության առթիվ։
-Դուք եղել եք «Այսօր» ամսագրի համահիմնադիրն ու համախմբագիրը, ձեզ համարել եք ֆանտաստ գրող, բայց ինչպես նշել եք ձեր հարցազրույցներից մեկում` ձեր իսկ ծննդյան օրը՝ 30 տարեկանում, այրել եք ձեր գրածները, ինչու՞։
-Մարդու կյանքում կան պահեր, երբ կենսականորեն անհրաժեշտ է հրաժարվել սովորածից կյանքը լիարժեք շարունակելու համար։ Անցյալը ինչքան անհրաժեշտ բան է, բայց միևնույն ժամանակ դառնում է բեռ ու խանգարում ապրելուն։ Ասում են ձեռագրերը չեն այրվում... Ես պարզապես փորձել եմ հասկանալ այդ բանաձևի արդյունավետության չափը՝ արդյո՞ք կան հավերժական գաղափարներ, թե ոչ։
-Պոեզիան ու արվեստը միաձուլվա՞ծ են ձեր ստեղծագործություններում, ընդհանուր ի՞նչ կապ կա դրանց միջեւ ինչու՞ այլեւս չեք գրում։
-Որպես «գրող» 40 տարի է սկզբունքորեն չեմ գրում շատ պարզ պատճառով ՝ իմ հիմնական հանրային դերը (social role-ը) նկարագրել, վերլուծել ու եզրահանգումներ անելը չէ, այլ ցույց տալ, երևակայել ու հարցեր առաջացնելը, դրդելն ու անհատականության դերը շեշտելն է։
-Ո՞րն է ձեր ստեղծագործությունների ասելիքը, ի՞նչ եք ուզում ասել դիտողին։
-Այս հարցին շատ սպառիչ պատասխան է տվել երաժիշտ և հնչյունագետ Ջոն Քեյջը. «Ասելու բան չկա, և ես դա ասում եմ»։ Մարդը նաև հանրային արարած է, ուստի վարքի ընդօրինակումը նրա մոտ նույնպես հիմնական է: Քանի որ վերջին 100 տարին հաղորդակցության կարևորացման ու բազմահաղորդակցման միջոցների հնարավորությունների ընդլայնման ժամանակշրջան է, ապա իմ ստեղծագործությունները հիմնականում հաղորդակցման խայծեր ու թիրախներ են, հետևաբար իմ գործերը՝ հնացած, անօգտակար, անտեսված նյութերի ու հասկացությունների վերիմաստավորմանը միտված առարկաներ են: Հաճախ ինձ որակում են որպես սադրիչ, քամահրող կամ զավեշտաբան, սակայն այդ բոլորը միջոցներ են մեր, հաճախ, ակամա կենտրոնացումը երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող երևույթների վրայից, և դրանք հիմնականի ու կարևորի փնտրտուքին հրավիրելու փորձեր են:
Անժելա Սեդրակյան