Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 12:51
Իրավական

Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրված դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չի տեսնում

Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրված դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չի տեսնում

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` դատավոր Ռուզաննա Բարսեղյանը 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Մինչ նիստի մեկնարկը` ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք սա կարող է հիմք հանդիսանալ դատավորի ինքնաբացարկի ներկայացման համար, ասաց. «Ես էլ լսել եմ, որ նա պարգևատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից։ Պարոն Քոչարյանը չհիշեց այդպիսի բան։ Բայց ես հաստատ գիտեմ, որ նա ԱՄՆ դեսպանատան կողմից էլ է պարգևատրված եղել։ Եվ եթե այս ամենը գումարենք, կստացվի, որ լավ դատավոր է, որ պարգևատրվել է: Ամեն դեպքում` ես դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հիմքեր չեմ տեսնում»:

Հարցին, թե արդյո՞ք որևէ պաշտոնյա փորձել է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանը պատասխանեց` մարդու իրավունքների պաշտպանը:

Ալումյանը մանրամասնեց նաև, որ, նախքան բողոքի քննությանն անցնելը,  փորձելու են հասկանալ, թե ինչ եղանակով է բողոքը մակագրվել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Բացի այդ` պաշտպանական կողմը միջնորդել է առանց քննության թողնել դատախազության բողոքը: «Մենք միջնորդել ենք, որպեսզի  դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետեւ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել»,- պարզաբանեց փաստաբանը:

Հավելենք, որ այսօրվա դատական նիստին ներկա է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը: