կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 14:13
Իրավական

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` 3-րդ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` 3-րդ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

Տեղեկացրել էինք, որ ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին այսօր Քոչարյանի պաշտպանները երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեցին։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հստակ չէր` ինչի հիման վրա է Արթուր Մկրտչյանը նշանակվել սույն գործով դատավոր:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը՝ այն հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարելու հերթապահ դատավորներից մեկին:

«Մեզ համար այդ պատճառաբանությունն ընդունելի չէ, սակայն մենք հիմա սա ո'չ կարող ենք բողոքարկել, ո'չ էլ մեկ այլ միջոց ձեռնարկել: Ստիպված ենք տվյալ դատավորի հետ քննարկել այս միջնորդությունը: Իսկ այժմ հայտարարվել է ընդմիջում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր քննում է երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ և ՀՔԾ-ի միջնորդությունը Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ 

Երեկ պաշտպանները Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մկրտչյանն ու Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը սերտ հարաբերություններ ունեն: