կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 11:43
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե դատավորը հիվանդ է, Քոչարյանի գործով միջնորդությունը պետք է քննի այլ դատավոր․ Ալումյանը վկայակոչում է ԲԴԽ որոշումը

Դատավոր Աննա Դանիբեկյանը դեռևս մարտի 13-ից անաշխատունակության թերթիկ է ներկայացրել և չի գալիս աշխատանքի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսում։

Միայն թե, երբ այդ օրը մյուս պաշտպանը՝ Արամ Վարդևանյանը, զանգել է դատարան, նրան աշխատակազմից հավաստիացրել են, որ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը անպայման տեղի է ունենալու։ Նրանց համար անհասկանալի է՝ ինչպես կարող է աշխատակազմը չիմանալ, որ դատավորն անաշխատունակության թերթիկ է ներկայացրել։

Բացի այդ, մարտի 16-ին՝ նշանակված դատական նիստի օրվանից 1 օր առաջ, Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, քանի որ Հայաստանի երեք նախկին վարչապետները և Արցախի մեկ նախկին վարչապետը պատրաստակամություն են հայտնել անձնական երաշխավորություն տրամադրե։

«Ամսի 16-ին մեզ նույնպես ոչինչ չի ասվում, որ դատավոր Աննա Դանիբեկյանը անաշխատունակ վիճակում է և հանկարծ ամսի 17-ին՝ նիստից մի քիչ ավելի շուտ, մեզ ասում են, որ նիստը տեղի չի ունենալու, որովհետև Աննա Դանիբեկյանը առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ գալ դատական նիստի և այդ վիճակը տևում է մինչև այսօր»,- տարակուսեց Հայկ Ալումյանը։

Քոչարյանի պաշտպանները մարտի 24-ին ևս մեկ միջնորդություն են ներկայացչել՝ այս անգամ խափանման միջոց կալանքն ընդհանրապես վերացնելու պահանջով՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները գնալով ահագնանում են, իսկ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Էրեբունի ԲԿ-ում առողջական խնդիրների պատճառով և նա ռիսկային խմբում է՝ 60-ից բարձր տարիք ունի։ Այդ միջնորդությունը նույնպես մինչև այսօր քննության չի առնվել։

Նա ընդգծեց, որ միջնորդություններն անհրաժեշտ է քննել սեղմ ժամկետում և դատավորի առողջական խնդիրը միայն իր անձնական խնդիրն է։

«Մենք իրավունք ունենք իմանալ՝ ինչն է խնդիրը, մոտավորապես երբ է սպասվում ապաքինումը։ Բացի այդ, մեզ հավաստիացնում են, որ բացի Աննա Դանիբեկյանից ոչ մեկն իրավասու չէ այս հարցով զբաղվել»,-ասաց Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ այս տիպի իրավիճակների համար ԲԴԽ-ն որոշում ունի, որ եթե միջնորդության քննության համար սահմանված է սեղմ դատավարական ժամկետ, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործը համակարգով պետք է բաշխի տվյալ մասնագիտացումն ունեցող դատավորների միջև։

Հիշեցնենք, որ որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն արդեն 4 շաբաթ դատական նիստ չի կայանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻՊ՝ ուշադրություն հրավիրելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում․