Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք նախորդներից առանձնացան նրանով, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների միջոցով իշխող կուսակցությունը՝ Էրդողանի «Արդարություն և զարգացումը», պարտվեց. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Էրդողանի կուսակցությունը պարտություն է կրել 5 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում: Պետք է ասեմ, որ Էրդողանի կուսակցությունը Ստամբուլի 36 շրջաններում բողոքարկել է ընտրությունների արդյունքները, ինչի պատճառով 6 շրջանում նշանակվել են նոր ընտրություններ, դա ևս Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ է: Այս ընտրությունները մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններից տարբերվում էին նաև նրանով, որ առաջին անգամ հաղթանակ է տանում թուրքական Կոմունիստական կուսակցությունը, և նահանգային նշանակության քաղաքի քաղաքապետ է ընտրվում հենց կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը: Նահանգային նշանակության մեկ այլ քաղաքի քաղաքապետ էլ կա` անկախ թեկնածուներից: Քրդերն այս ընտրություններում որոշակիորեն պարտություն կրեցին` 2014-ին կայացած ընտրությունների հետ համեմատած, ինչը պայմանավորված էր Էրդողանի գործունեությամբ, երբ «գլխատեց» նրանց քաղաքական ղեկավարությանը. նրանք ձերբակալված են, ուստի քրդերը ընտրության գնացին ոչ փորձառու քաղաքական գործիչներով: Մյուս կողմից՝ աննախադեպ մի բան գրանցվեց, այն է՝ քրդերը հաղթեցին Կարսի նահանգում, ընդ որում` այդ նահանգը երկար տարիներ գտնվում էր կա'մ իշխանության, կա'մ «Գորշ գայլերի» ձեռքում: Եվ այստեղ փաստացի հաղթեցին քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք հաղթեցին նաև Իգդիրում: Սա շեշտում եմ, քանի որ դա ՀՀ-ի արևելյան սահմանն է, և հենց այստեղ է, որ Էրդողանը, ազգայնականները և Նախիջևանի ադրբեջանցիները միավորվել ու հանդես էին գալիս մեկ թեկնածուով, որը «Գորշ գայլերի» կամ ազգայնականների թեկնածուն էր»,- մանրամասնեց փորձագետը:
Ըստ նրա` նշված երկու նահանգում քրդերի հաղթանակը հայերի համար լավ է, քանի որ չեզոքացվում է ազգայնականների իշխանությունը: «Այսինքն՝ եթե նախկինում գործ ունեինք ազգայնական տարրերով մարդկանց հետ, ինչի վառ ապացույցը վերջերս Չարենցի ենթադրյալ տան քանդման փաստն էր, ապա այսուհետ ես բացառում եմ, որ նմանատիպ բաներ կարող են լինել, քանի որ քրդերը փորձելու են ամեն գնով սիրաշահել հայերին, որպեսզի այս տարածաշրջանում պահպանեն իրենց վստահության քվեները: Վերջին շրջանում ազգայնական քաղաքապետի գործունեությունը հանգեցրեց նրան, որ իրենք այստեղ պարտություն կրեցին»,- նշեց Հովհաննիսյանը:
Մեր դիտարկմանը, որ Ստամբուլում հայերը հիմնականում իրենց ձայնը տվել են իշխող կուսակցությանը, թուրք-քրդական հարցերով փորձագետը նշեց, որ Թուրքիայի հայերը քաղաքական տարբեր ուղղվածություններ ունեն՝ ծայրահեղությունից ծայրահեղություն:
«Եթե վերցնենք դեպի արևմտյան, սևծովյան նահանգները, ապա, իսկապես, գործ ունենք իշխանական թևի հետ: Իսկ եթե վերցնենք հարավարևելյան, քրդամետ նահանգները, ապա այստեղ հայերն իրենց ձայնը տվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: Ի դեպ, այս կուսակցությունից որոշ նահանգներում առաջադրվել են ազգությամբ հայ թեկնածուներ կամ ծպտյալներ, որոնք հաղթել են»,- ասաց Հովհաննիսյանը:
Մեր հարցին, թե քրդերի՝ հայերին սիրաշահելու քաղաքականությունն ի՞նչ ռիսկեր է պարունակում կամ հետին մտքեր, փորձագետն արձագանքեց՝ եթե մտածում ենք, թե Արմտյան Հայաստանում քրդերը կգան և ինչ-ինչ ծրագրեր կիրականացնեն, ապա տեսանելի ապագայում Թուրքիայի տարածքում քրդական պետություն կամ ինքնավարություն բացառվում է:
«Ես նկատի ունեմ Արևմտյան Հայաստանի տարածքները. այդ տարածքների վրա բացառվում է, որ քրդական ինչ-որ մի բան տեղի ունենա: Չեմ բացառում, որ հարավարևելյան նահանգներում, որոնք Իրաքին և Սիրիային կից նահանգներն են, լինեն քրդական որոշակի ինքնավարություններ: Վտանգն այն առումով է մեզ համար, որ ձեռքից ձեռք է անցնելու տարածաշրջանը, և երրորդ ձեռքից արդեն դժվար է լինելու ինչ-որ ակնկալիքներ ունենալ, բայց մենք պետք է հասկանանք, որ քրդերի հետ մեր համագործակցությունը կարող է հանգեցնել նրան, որ վերջապես Թուրքիայի տարածքում ունենանք հայկական կուսակցություն, որը շատ կարևոր է հենց ազգային հարցի բարձրացման տեսանկյունից»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ սա կնշանակի, որ վերջապես հայերը ներկայացված կլինեն Թուրքիայի քաղաքական կյանքում սեփական կուսակցությունով: