Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արմեն Ռուստամյանը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշեց բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:
Նա ողջունեց ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցը Հայաստանում նշելու որոշումը: Պարոն Ռուստամյանը նշեց, որ որպես սոցիալիստական գաղափարների կրող՝ Դաշնակցությունը կարեւորում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հետ համագործակցությունը: Նա երախտիքի խոսք ասաց Ֆրանսիայի իշխանություններին, որոնք մշտապես եղել են Հայաստանի կողքին եւ պաշտպանել են Հայկական հարցը:
Բրյունո լը Ռուն կարեւորեց երկու գաղափարակից կուսակցությունների համագործակցության առավել խորացումը տարբեր ոլորտներում, փորձի փոխանակումները:
Այս համատեքստում Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու կուսակցություններն առաջիկայում կարող են համագործակցության կոնկրետ ձեւաչափեր քննարկել եւ պատրաստել համագործակցության փաստաթուղթ:
Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությանը հուզող հիմնական խնդիրներն արտացոլված են 7 կետից բաղկացած փաստաթղթում, որի շրջանակներում եւս կարելի է համագործակցության եզրեր գտնել:
Արծվիկ Մինասյանը կարեւորեց փորձի փոխանակումը կոռուպցիայի դեմ պայքարի, սահմանադրական բարեփոխումների եւ մի շարք այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՅԴ կուսակցության գաղափարախոսությանը, անցած ուղուն, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ առկա խնդիրներին, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: