Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 29-ին Հայաստանում և Արցախում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը։ Օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Սասուն Միքայելյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ:
Իր խոսքում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց՝ սովորաբար ասում են, որ ժամանակը ջնջում և մոռացության է մատնում ամեն ինչ, բայց հայրենիքի համար նահատակված և անհայտ կորած մարտիկների հիշատակի օրն այն քիչ դեպքերից է, երբ անցնող տարիներին, ընդհակառակը, ամրապնդում է մեր հիշողությունը:
«Եվ ամեն հունիսի 29-ին ինքնաբերաբար, առանց որևէ հիշեցման բարձրանում ենք այս սրբազան բարձունքը՝ ծաղիկներ դնելու նրանց հավաքական շիրիմին, որովհետև ժամանակն ու մենք անընդհատ վերաիմաստավորում ենք նրանց՝ մի դեպքում հավաքական, մյուս դեպքում՝ անհատական սխրանքը: 27 տարի առաջ՝ 1992-ի այս օրը հակառակորդի ռազմավարական նպատակներ հետապնդող հարձակումը կանգնեցնելիս Մարտակերտի ճակատում «Արաբո», «Զեյթուն», «Արմավիր» կամավորական ջոկատների և Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչև վերջ՝ գրելով Արցախյան ազատամարտի ամենահերոսական ու նաև ամենաողբերգական էջերից մեկը: Հետագայում հունիսի 29-ը դարձավ հավաքական մի ամսաթիվ՝ խորհրդանշելով նաև Կապանում տեղակայված զորամասի 6-րդ գումարտակի մարտիկներին, և, ընդհանրապես, Արցախյան ազատամարտի ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում շրջապատման օղակում մահվանը հաղթելով անհայտության մեջ մնացած նվիրյալներին: Նրանց մեծ մասը զոհվեց ճեղքված ռազմաճակատներում ընթացող մարտերի ժամանակ, և դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլիներ մեր հերոս ընկերների միասնական կամքը, հավատն արդարության և հաղթանակի նկատմամբ, թշնամուն ամեն կերպ կանգնեցնելու վճռականությունը»,-շեշտեց Բալայանը:
Հավելենք, որ 1992-ի հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է: