կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 21:10
Իրավական

Դատավորին առնչվող կաշառքի գործով փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել. Փաստինֆո

Դատավորին առնչվող կաշառքի գործով փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել. Փաստինֆո

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին առնչվող կաշառքի գործով նաեւ փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը նրան ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը։    Վերջինս, սակայն, դեռ չի հայտնաբերվել:

«Փաստինֆո» հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ-ից առայժմ չարձագանքեցին՝ խոստանալով դրան անդրադառնալ ավելի ուշ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ, դատավորը վերցվել արգելանքի եւ քրեական գործն ուղարկել ՀՔԾ՝ նախաքննության։