կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 13:30
Իրավական

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Նոր Զելանդիային կոչ է արել ապահովել արդարացի ներդրումային միջավայր

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Նոր Զելանդիային կոչ է արել ապահովել արդարացի ներդրումային միջավայր

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Նոր Զելանդիային կոչ է արել ապահովել արդարացի ներդրումային միջավայր: Այս մասին նա հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի հետ հանդիպման ժամանակ, որի երկիրը մերժել էր չինական հեռահաղորդակցային հսկա Huawei-ի հայտը 5G բջջային ցանցի ստեղծման մասին. տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Լի Կեցյանի հետ հանդիպումից առաջ Արդերնը հայտարարել էր Պեկինի հետ երկխոսության հույս ունենալու մասին՝ կապված նորզելանդական հետախուզության որոշման հետ, որը վերաբերում է Huawei-ի հայտը մերժելուն:

«Ներկայումս Չինաստանի և Նոր Զելանդիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, կայուն են զարգանում»,- նշել է Լի Կեցյանը Պեկինում հանդիպման սկզբում՝ շեշտելով լավ հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ Նոր Զելանդիայի ցանկությունը:

«Մենք հույս ունենք, որ միմյանց շահերի շուրջ կկարողանանք հասնել ընդհանուր հայտարարի»,- նշել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկրի ընկերությունները ներդրումներ կատարելիս պետք է վստահ լինեն արդարացի և  թափանցիկ բիզնես միջավայր ունենալու հարցում:

Արդերնը նաև նշել է` կցանկանար ընդգծել այն նշանակությունը, որ իր երկիրը տալիս է Չինաստանի հետ հարաբերություններին. 2008 թվականին Նոր Զելանդիան դարձել է Չինաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրած առաջին արևմտյան երկիրը:

Լիի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Արդերնը հավաստիացրել  է, որ ինքը տեղեկություններ կներկայացնի, որոնք կապված են Huawei-ի արգելման վերաբերյալ Նոր Զելանդիայի որոշման հետ, և որ այդ հարցում քաղաքական կամ դիվանագիտական կողմնակի ազդեցություն չի եղել:

Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Չինաստանի հետ հարաբերություններում բարդություններ են եղել, բայց հերքել է Նոր Զելանդիայի խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ տարաձայնությունների հետ կապված մտավախությունները:

Հավելենք, որ չինական տեխնոլոգիական հսկա համարվող Huawei-ն ներքաշված է ԱՄՆ մեղադանքների հետ կապված սկանդալի հետ, թե ընկերությունը լրտեսում է չինական կառավարության օգտին: Վաշինգտոնն աշխարհի երկրներին կոչ է արել 5G ցանցեր ստեղծելիս հրաժարվել Huawei-ի սարքավորումներից՝  հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել նրանց հետ հետախուզական տվյալների փոխանակումը:

Huawei  ընկերությունը բոլոր մեղադրանքները հերքում է: Ընկերությունը ԱՄՆ կառավարության դեմ դատական հայց է ներկայացրել:

Այս պահի դրությամբ, բացի ԱՄՆ-ից,  Huawei-ի սարքավորումներն արգելել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան: