Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք համարելու` ԱՄՆ նախագահի հայտարարությունը պետք է ընկալել իսրայելամետ իրարահաջորդ շղթայական ելույթների տրամաբանությամբ՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու, քաղաքական դիրքորոշումների փոխկապակցված օղակների տեսանելիությամբ։
Հայկական առումով համեմատական վերլուծաբանության ընթացքում ելակետ պետք է նկատել այս դեպքում ոչ թե գրավված տարածք կամ վերահսկվող տարածք իրավաքաղաքական եզրույթների փոփոխությունը, կամ պատերազմի հետեւանքով իբրեւ անվտանգության երաշխիք ստեղծված իրավիճակի նվիրականացումը, այլ պատմական հիմնավորումներով պատկանելության սկզբունքը։ Ավելի պարզ բացատրությամբ` Գոլանը գրավվել է Իսրայելի կողմից եւ ոչ թե ազատագրվել` նկատի ունենալով պատմական առումով նրա պատկանելությունը Սիրիային։
Համեմատական տրամաբանությունն ուրեմն այլ ուղղությամբ պետք է աշխատի։ Գոլանի գրավումը կարելի է համեմատել Արծվաշենի կամ, ընդհանրապես, Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի գրավման հետ։
Հայկական դիտանկյունից սկզբունքային այս ելակետի որդեգրումն անպայման նկատի չունի տարածաշրջանի հայկական համայնքների մոտեցումները հաշվի առնելը կամ նրանց ապրած երկրների պետական կեցվածքների համահունչ հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։
Պարզ է, որ Իրանը, Իրաքը, Սիրիան եւ Լիբանանը պիտի դատապարտեին Թրամփի վերջին հայտարարությունը. Լիբանանը հատկապես խոր միահոգություն ունի, որ Իսրայելի կողմից իբրև պատերազմական իրավիճակի հետեւանք եւ մինչ այժմ գրավված հարավային շրջանի որոշ տարածքներ կարող են ենթարկվել նման կարգավիճակ ճշտող ամերիկյան հայտարարությանը։
Նույն արցախյան հիմնախնդրի շրջագծում պետք է նկատի ունենալ հետեւյալ հանգամանքները` Թրամփի հայտարարությունը քննադատեցին ՄԱԿ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան։
Մի պահ շրջանցելով համաարաբական զորակցություն դրսեւորելու փաստն ու արաբական երկրների կեցվածքը` նկատենք, որ Անկարան հակաիսրայելական հայտարարությունների առաստաղի բարձրացման այս օրերին, արաբ զանգվածների մոտ հեղինակության մագլցման, Արեւմուտքի եւ շեշտված ձեւով ԱՄՆ-ի դեմ կարգախոսային պատերազմ առաջնորդելու դիրքերի վրա է։ Այս կեցվածքները, եթե մի կողմից բացատրվում են համապետական ընտրություններին վարկանիշ արձանագրելու մտադրությամբ, մյուս կողմից` տարածաշրջանում գլխավոր խաղացողի կարգավիճակը պահպանելու քաղաքականությամբ։
Այս առումով դիրքորոշվելու մեջ ավելի երկչոտ է, բնականաբար, Բաքուն` նկատի ունենալով Իսրայելի հետ իր մշակած հարաբերությունները մի կողմից, մյուս կողմից նաեւ` Անկարայի հաշվարկը։ Այս հանգամանքները գերակշռում են Բաքվի մոտ, քան արցախյան պատերազմի հետեւանքով ստեղծված անվտանգության տարածքի գոյավիճակների ընդունման ընդհանրացման հնարավորությունը։
Հիմնականն այս դեպքում՝ միջազգային ընտանիքն է, ՌԴ-ն, ԵՄ-ն եւ Իրանը, որոնց ուղղությամբ հայկական ոսպնյակը պետք է առարկայական գնահատական տա ՝ նրանց դիրքորոշումները նկատի ունենալով։
Հետեւաբար` քաղաքականորեն կարող է ճիշտ չընկալվել միջազգային ընտանիքի, արցախյան հակամարտության բանակցությունների միջնորդի դեր ստանձնած՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի (ԵՄ-ի ուղիով), ուղղակի ԵՄ-ի եւ հակամարտության ուղղությամբ հավասարակշիռ կեցվածք որդեգրած Իրանի կեցվածքներին ի հեճուկս դրական ուղերձ ընկալել Վաշինգտոնի կողմից Գոլանի կարգավիճակը իսրայելյան գերիշխանության տակ տեսնող հայտարարությունից։ Մանավանդ, որ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույնինքն տվյալ պետության համար Գոլանի համար տրված կարգավիճակային բնութագիրը անպայման չի օգտագործվի, օրինակ, Քարվաճառի կամ Լաչինի համար։ Չհաշված այն իրականությունը, որ Վաշինգտոնը, Փարիզն ու Մոսկվան արցախապատկան տարածքների համար սկզբունքով պետք է համաձայնեցնեն իրենց կողմից օգտագործելի կարգավիճակային եզրութաբանությունը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր