կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 12:33
Հասարակություն

Ռեկտո՞ր, «մամուլի խոսնա՞կ», թե՞ «доносчик». «փուռը տալու» նուրբ արվեստը

Ռեկտո՞ր, «մամուլի խոսնա՞կ», թե՞ «доносчик». «փուռը տալու» նուրբ արվեստը

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ԵՊՀ-ում, հասարակության շրջանում խորը տարակուսանքի տեղիք տվեց: Փաստորեն, Մայր բուհում բեմադրված թատերական ներկայացման գլխավոր դերերում էին ոչ միայն իշխանությունների քաղաքական պատվերը կատարող ոստիկանությունը, այլ նաև, ոչ ավել, ոչ պակաս, ԵՊՀ ռեկտորի ժ/պ, ակադեմիկոս, գիտության կարկառուն ներկայացուցիչ Գեղամ Գևորգյանը: Փաստորեն ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանն այնքան էր տարվել օրվա իշխանություններին դուր գալու մոլուցքով, որ նույնիսկ ժամանակ առ ժամանակ մոռանում էր սեփական իրավունքների և պարտականությունների մասին՝ վերածվելով ոստիկանության գործողությունների մեկնաբանողի, արդարացնողի կամ, առնվազն, ոստիկանության մամուլի խոսնակի կարգավիճակում:

Անհեթեթության աստիճան զավեշտալի էր հատկապես ոստիկանության «նորընծա մամուլի խոսնակի» այն մեկնաբանությունը, թե իբր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ԵՊՀ-ում դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, ինչի հետևանքով էլ նրան ձեռնաշղթաներ հագցնելով բերման են ենթարկել:

Գ. Գևորգյանը բեմականացմանը վերաբերող իր մեկ այլ արտահայտությամբ, այն է՝ «բան չկա, չէր ուզում ցուցմունք տալ, հիմա կտա, բաց կթողնեն», ոստիկանության մամուլի խոսնակից վերածվեց խորհրդային տարիներին բնորոշ շարքային «գործ տվողի»: ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի այս վարքագիծը հանրությանն ակամայից տեղափոխեց 1930-ական թթ., որտեղ հասարակության մեջ վխտացող «доносчик»-ները լավագույն ծառայություններն էին մատուցում խորհրդային իշխանություններին՝ խեղելով բազմաթիվ անմեղ մարդկանց ճակատագրեր: ԵՊՀ-ում տեղի ունեցած այս իրողությունը ևս մեկ անգամ փաստեց, թե ինչպիսի չարիք է ԿԳՄՍՆ-ի ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որտեղ, առաջնորդվելով վարչահրամայական համակարգի ձևավորման մեթոդներով, նախատեսվում է բուհերի ռեկտորների (նաև՝ ֆակուլտետների դեկանների) նշանակում իշխանությունների կողմից: Սա նպատակ ունի ամբողջ գիտակրթական համակարգը դարձնել օրվա իշխանությունների խամաճիկը, և Գ. Գևորգյանի այս ծառայությունը փայլուն կերպով արդարացրեց իշխանությունների սպասելիքները:

Մնում է հասկանալ՝ այս ամենից հետո ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանն ինչպե՞ս է նայելու իր ուսանողների աչքերին, երբ իր քայլերով ուղղակի նսեմացրեց «բուհական ինքնակառավարում» հասկացությունը, գետնեց Մայր բուհի հեղինակությունը՝ վերածվելով իշխանությունների և ոստիկանության շարքային կամակատարի: