Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ խոսեց Ռիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի հայ ըմբիշների ելույթների մասին։
«Մենք օլիմպիական խաղերից վերադարձանք 2 մեդալով։ 2012 թվականից շատ պատշաճ ձևով պատրաստվել էինք օլիմպիական խաղերին։ Մեր անցած ճանապարհը գիտեն բոլորը. հավաքականը բոլոր մրցաշարերից վերադարձել է տարբեր տեսակի ու քանակի մեդալներով։ Մեր անցած ճանապարհը ցույց էր տալիս, որ գնալու էինք Ռիո` պարտավորված։ Սպասում էինք ոսկե մեդալների, դրան լիարժեք պատրաստ էինք ու ունակ։ Ստացվեց մեկ ոսկի ու մեկ արծաթ։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ 75 կգ քաշային կարգում նաև Արսեն Ջուլֆալակյանը պետք է լավ հանդես գար։ Այդ քաշային կարգում սայթաքում տեղի ունեցավ, որը բոլորիս համար անհասկանալի էր ու տխուր, բայց Արսենի ընկերները կարողացան ուրախացնել մեր ժողովրդին»,- ասաց մարզիչը։
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալին և Միհրան Հարությունյանի նկատմամբ եզրափակիչ գոտեմարտում մրցավարների կողմնակալությանը` Ջուլֆալակյանն ասաց. «Երկար տարիների դադարից հետո՝ 20 տարի անց, կրկին ունեցանք օլիմպիական ոսկի։ Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ նա կարողացավ օլիմպիական չեմպիոն դառնալ։ Նույնը կարող եմ ասել նաև Միհրանի մասին։ Իրականությունն այն է, որ նա այսօր արծաթե մեդալակիր է, բայց բոլորս էլ դիտել ենք գոտեմարտը, և ոչ միայն մասնագետների, այլ նաև հասարակության համար պարզ է, որ այդ գոտեմարտն անարդար է եղել։ Մաքսիմ Մանուկյանը մրցումներից մեկ ամիս առաջ թեթև վնասվածք ուներ։ Անձնական մարզիչների հետ զրույցից հետո որոշեցինք, որ մասնակցի մրցումներին, բայց հետո պարզ դարձավ, որ վնասվածքը խանգարեց։ Ես` որպես գլխավոր մարզիչ, գոհ եմ։ Եթե անեինք այն, ինչին ընդունակ էինք նաև 75 կգ քաշում, ապա ամբողջովին կկատարեինք մեր առջև դրված խնդիրը։ Մեր հավաքականը ըմբշամարտի թիմայի հաշվարկում 3-րդ տեղն է զբաղեցրել»։
Հարցին`ըստ Ձեզ` շանսեր կա՞ն, որ կվերադարձնեն Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը, հավաքականի մարզիչը պատասխանեց. «ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել, որ արդարացի լուծում ստանա այս հարցը։ Բնականաբար, այս հարցին հիմա ոչ մեկս չենք կարող լիարժեք պատասխան տալ, քանի որ դա կորոշի միջազգային սպորտային դատարանը։ Հուսանք, որ արդարացի լուծումը կտրվի։ Թե ի՞նչ կլինի, ես չգիտեմ։ Թե ո՞վ է պատճառը նման անարդարության, այդ հարցին նույնպես ոչ մեկս չի կարող պատասխանել։ Փաստը փաստ է, որ միջազգային ֆեդերացիայի նախագահն ազգությամբ սերբ է, և ցանկացած մրցավար այդ պահին կցանկանար հաճոյանալ ֆեդերացիայի նախագահին և անել այդ չարագործ արարքը։ Հուսանք, որ այս ամենը լավ ընթացք կստանա։ Մեր հավաքականից շատ մեդալներ են անարդարացիորեն գողացել, և եթե մենք հասկացնենք, որ պայքարելու ենք անարդարությունների դեմ, հույս կունենանք, որ հետագայում նման դեպքեր չեն կրկնվի»։