կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 14:17
Հասարակություն

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջև

ՀՀ կառավարության շենքի առջև այսօր դարձյալ բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունները, նաև` հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ըստ առաջարկվող օրենքի նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոհիշյալ ոլորտների պետական տուրքը, հետևաբար` գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք:

Բողոքի ակցիայի մասնակիցները մարտի 26-ին հանդիպել էին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի և Կենտրոնական բանկի իրավաբանական բաժնի աշխատակիցներից մեկի հետ:

«Դարձյալ նույն հիմնավորումներն էին, որ, ի տարբերություն ունիվերսալ վարկային կազմակերպությունների և բանկերի, մեր ոլորտում կարգավորումները թույլ են: Պետությունն այս կարգավորման վրա մեծ գումարներ է ծախսում: Ստացվում է` մեզ նման տնտեսվարողների միջոցով կառավարությունը փորձում է ավելացնել բյուջեն»,- նշեց փոխանակման կետերից մեկի տնօրենը:

Ակցիայի մասնակիցները հավաստիացնում են նաև, որ հարկային այս բեռը կարող է հանգեցնել գրավատների ու փոխանակման կետերի փակման:

Հավելենք, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ավելի վաղ անդրադարձել էր օրինագծին և մանրամասնել խնդիրը: