կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-14 11:00
Հասարակություն

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են կառավարության շենքի մոտ

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքում են կառավարության շենքի մոտ

Կառավարության նիստը չմեկնարկած`գործադիրի գլխավոր մասնաշենքի մոտ են հավաքվել գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն ու կրկին բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ այդ նախագծի` գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը սահմանվում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

«Պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները»,- ասում են գրավատների բողոքող տերերը:

Աշոտ Պողոսյանը, որը նրանցից մեկն է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական բանկի մասնաճյուղերը, որտեղ փոխանակման կետեր չեն գործում, ընդամենը 350 հազար դրամ պետական տուրք են վճարում: «Բանկի մասնաճյուղերի համար, որը տարբեր գործառույթներ ունի՝ հսկայական շրջանառություններով, սահմանված է 350 հազար դրամ պետական տուրք,  իսկ գրավատան դեպքում սահմանվում է 6 միլիոն դրամ: Սրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա»,- նշեց նա:

Սա գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների բողոքի առաջին ակցիան չէ. մի քանի օր առաջ նրանք կրկին կառավարության շենքի մոտ բողոքի հավաք էին նախաձեռնել, բայց այն ժամանակ նրանց մոտեցավ և խնդիրը լսեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու տեղեկացրեց, որ ինքն այդ հարցով մասնագիտական քննարկում է հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: