Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփմանը:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախարարը նշել է, որ ծրագրի մասին իր գիտելիքները միայն տեսական չեն. ժամանակին դրա շրջանակում եղել է դասախոս բանակում: «Դասախոսությունների ընթացքում գրանցել ենք լուրջ արդյունք, և զգացել եմ, որ սպաները, զինծառայողները մարդու բնական իրավունքների ընկալման մարդկային բնատուր ունակություն ունեն»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ նախարարը նշել է, որ թեև դրանց իրականացման ճանապարհին մարտահրավերները շատ են եղել, սակայն համատեղ ջանքերի գործադրմամբ դրանք հաղթահարվել են: Այդուհանդերձ, Արտակ Զեյնալյանի գնահատմամբ, այս ոլորտում անելիքները շատ են, և ցանկալի արդյունքների հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու:
Խոսելով Արդարադատության նախարարության կողմից, այդ թվում` զինված ուժերում, վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, հաղորդման և քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունից` նախարարը փաստել է, որ 2015 թվականից իրականացվել են լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, որոնք պայմանավորված են եղել ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիայի հետ համապատասխանությունն ապահովելու կարևորությամբ, ինչպես նաև` ՄԻԵԴ վճիռների կատարման պահանջով: Վերջինիս առումով նախարար Զեյնալյանը նշել է, որ դրանից ևս անմասն չի եղել. իրավապաշտպանի գործություն իրականացնելու ընթացքում այդ գործերով ՄԻԵԴ-ում եղել է ներկայացուցիչ, հետո նաև՝ օրենսդրական նախաձեռնությունների, նախագծերի համահեղինակ:
Թվարկելով օրենսդրական փոփոխությունների ընթացքում իրականացված բարեփոխումները, Արտակ Զեյնալյանը կարևորել է ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորության ընձեռումը նաև ո՛չ աշխատանքային օրերին կամ ժամերին և խոշտանգումների զոհերին խոշտանգման հետևանքով պատճառված վնասի արդար և համաչափ փոխհատուցման, այդ թվում՝ ռեաբիլիտացիայի ինստիտուտի նախատեսումը: Այս առումով նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթները, որոնցով նախատեսված չեր բարոյական վնասի փոխհատուցում, ճանաչել է հակասահմանադրական և անվավեր: «Այդ ռազմավարական դատավարությունը ես սկսել էի 2003 թվականին և միայն այս տարվա հունվարին հնարավոր եղավ իրականություն դարձնել բարոյական վնասի ստացումը վստահորդի կողմից»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ մյուս կարևոր փոփոխությունները համարելով դատավարական հստակ երաշխիքների նախատեսումը փաստացի ազատությունից զրկված անձանց համար, խոշտանգման համար դատապարտված անձին ներում չշնորհելու կարգավորումը և այլն: Դրանք դրական են գնահատվել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից, ողջունվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խմբի գործերի կատարման ընթացքը գնահատելիս:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ծրագրի ֆինանսավորման և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ ծրագրի պատշաճ իրականացման համար, հույս է հայտնել, որ ԵԽ-ն կշարունակի հետևողական աջակցել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանի մարու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, այլք: