Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից 16-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի:
Նախքան բուն նիստին անցնելը` Փաշինյանը հայտնեց, որ «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավար երեք ամիս է` աշխատավարձ չի ստացել:
«Այսօր նամակ եմ ստացել, որի համաձայն՝ «Արմաթ» լաբսրատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 250 խմբակ, արդեն երեք ամիս է` վարձատրություն չեն ստացել: Ես ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ ՀՀ-ում պետական համակարգի աշխատողներ երեք ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց վարչապետը:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Պարո'ն վարչապետ, նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ` դրամաշնորհով, այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է մրցութայինի: «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրն իրականացնողները սրա հետ առարկություն են հայտնել, փետրվարին են այդ առարկությունը հայտնել: Մենք բանակցել ենք ու նախագիծ պատրաստել: Ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը: Նախագիծը վաղը կոմիտեի նիստում կքննարկվի, իսկ հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»:
«Դա հասկանալի է, բայց մարդիկ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել»,- հակադարձեց Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց. «Պետք է նկատի ունենալ, որ դա չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին: Խոսքը հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծառայության դիմաց վճարներին է վերաբերում, որովհետև կարող է տպավորություն լինել, թե իսկապես պետական հիմնարկում կամ որևէ պետական մարմնում աշխատողն աշխատավարձ չի ստացել, բայց խոսքը դրան չի վերաբերում: Բյուջեում կա առանձին հավելված, որ այն դեպքում, երբ առանձնահատուկ և բացառիկ ծառայություն է կազմակերպվում այս կամ այն հասարակական կազմակերպության կողմից, դա ֆինանսավորվում է առանց մրցույթային կարգի: Հիմա պետք է որոշում կայացնել, որ եթե դա իսկապես բացառիկ է, առանձնահատուկ և չի կարող այլընտրանք ունենալ...»:
«Պարո'ն Ջանջուղազյան, այս ամեն ինչը պարզ է, բայց եթե պետական բյուջեում փողը կա, ուրեմն պետությունը կարևորել է այդ ծառայությունը: Հիմա երեք ամիս այդ ծառայությունը մատուցվել է, և մարդիկ իրենց վճարը չեն ստացել: Սա աննորմալ երևույթ է, հիմա անունը կարող ենք դնել` մրցույթ, բայց ո՞նց կարող է նման բան լինել, ո՞նց են հնարավոր դառնում այսպիսի երևույթները: Ասում եք, որ ֆինանսավորման ձևերը փոխվել են: Հիմա ֆինանսավորման ձևերը փոխվել են, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ լինի: Փոխում ենք, որ ավելի լավը լինի չէ՞, կանխավարկածը դա չէ՞: Հետևաբար` հարց՝ ինչո՞ւ է ավելի վատ»,- ասաց Փաշինյանը:
Ջանջուղազյանն արձագանքեց, որ լավ լինելու համար հայտարարված է, որ առանց մրցույթի չի կարող տրվել: «Լավը տրված փողի դիմաց լավ արդյունք ստանալն է: Եվ այս դեպքում, եթե մենք համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է, և հենց միայն այդ հասարակական կազմակերպությունը կարող է կազմակերպել»,- ասաց նա:
«Եթե մրցույթով է, ինչո՞ւ մինչև հիմա մրցույթը չի եղել: Եթե մեր կանխավարկածն այն է, որ պետք է մրցույթ լինի, և այդ ծախսի դիմաց ստանանք լավագույն ծառայությունը, շատ լավ: Այսօր մարտի 21-ն է, ինչո՞ւ չի եղել մրցույթը»,- հարցրեց Փաշինյանը:
Այս անգամ ԿԳ նախարարը պատասխանեց, որ «Արմաթ»-ի դեպքում այսպես է՝ կազմակերպիչը գումար է հայթայթում լաբորատորիաներ հիմնելու համար, այսինքն՝ գույքային ներդրում է անում դպրոցի որևէ դասասենյակում, իսկ պետությունը նախկինում պարտավորություն է վերցրել վճարել այդ խմբակավարի գումարը: «Հիմա փոխվել է վճարման ձևը, նրանց կողմից եղել է առարկություն, որ իրենց գույքն է, ինչի հետ մենք համաձայնել ենք, և հիմա նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Այսինքն՝ եթե նրանք չշահեն, ծրագիրը չի իրականացվելու»,-հայտնեց նա:
«Պլանավորեք, ժամանակին արեք, ուրիշ գերատեսչության հետ նման խնդիր ես չունենամ»,- զգուշացրեց վարչապետը: