«Հանուն ժողովրդի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել «Հարվածենք էլեկտրոնային խաղամոլությանը» խորագրով քննարկում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Հանուն ժողովրդի» ՀԿ նախագահ Վազգեն Ասրյանը:Նա ասել է, որ միջոցառման նպատակն է, որպեսզի հնարավորին չափ հասարակությանն իրազեկեն էլեկտրոնային խաղամոլության տհաճ երևույթների մասին, քանի որ այն հանգեցնում է ոչ միայն ֆինանսական մեծ կորստի, այլև մտածելակերպի փոփոխման:
«Այսօրվա քննարկմամբ ցանկանում ենք համատեղ մշակել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա վերջ դնել էլեկտրոնային խաղամոլությանը: Ես առաջարկում եմ տպագրել թեմատիկային առնչվող տարբեր խորագրերով օրացույցներ և դրանք բաժանել հասարակությանը: Այդ կերպ մեր առաջին քայլը կլինի տեղեկատվական բնույթի, կպատրաստենք և կտարածենք նաև տեսանյութեր»,-մասնավորապես ասել է Վ. Ասրյանը՝ նշելով, որ ըստ օրենքի ոչ մի կազամակերպության կամ անհատի չի թույլատրվում բացել խաղատներ:
Նա հավելել է, որ կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 2018 թվականի օգոստոսից: ՀԿ-ն ունի շուրջ 50 անդամ:
Քննարկմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հեգեբան Լուսինե Ղարախանյանն ասել է, որ խաղամոլությունը երբեմն մարդուն հասցնում է կատաստրոֆիկ իրավիճակների:
«Ներկայիս օրակարգային հարցերից է փոքրերի և մեծերի կախվածությունը էլեկտրոնային խաղերից: Կա նաև համացանցային ընդգծված կախվածություն, որը համարվում է շատ վտանգավոր, որովհետև մարդու ուղեղում ձևավորվում է նեյրոկենսաբանական այնպիսի հիմք, որը դժվարացնում է պայքարը վարքատեսակի դեմ: Սակայն այդ պայքարը կարող է այնքան դժվարանալ, որ մասնագիտական և հոգեթերապևտիկ, դեղորայքային միջամտությունների կարիք լինի մարդուն ելման կետ վերադարձնելու համար: Երիտասարդների մոտ կախվածությունն առաջին հերթին կապված է հաճույքի հետ: Երեխաների դեպքում էլ այն անմիջապես կապված է նաև ընտանեկան ջերմության, բարոյական մթնոլորտի պակասի հետ: Եթե ընտանիքում կան խիստ ավտորիտար ռեժիմ կամ բարձիթողի վիճակ, ապա երեխան հաճույք է ստանում միայն էլեկտրոնային խաղերից: Օրվա մեջ 0,5-1 ժամը նորմալ է, որ երեխաները զբաղվեն էլեկտրոնային խաղերով, իսկ եթե նրանք ամբողջ օրն են զբաղվում նման խաղերով, նրանց մոտ առաջանում է կախվածություն, նրանք ապականվում են, սկսում նաև ստել: Խաղամոլությամբ սովորաբար զբաղվում են այն անձինք, ովքեր սիրո, ուշադրության կարիք ունեն, և իրենց լքված, միայնակ են համարում: Խաղամոլության դրդապատճառներից սկզբնականը հաճույքն է, միակ միջոցը պարտքերը մարելու համար, իսկ վերջում տհաճ և անտանելի զգացումները: Եթե անհատը գիտակցելով ցանկանում է դուրս գալ խաղամոլությունից, սակայն չի կարողանում, համապատասխան մասնագետներն ընտանիքի անդամների հետ համագործակցության քայլեր ձեռնարկելով կարողանում են հաղթահարել իրավիճակը»,-մասնավորապես ասել է հոգեբանը՝ առաջարկելով պատրաստել համապատասխան էջանշաններ և դրանք բաժանել դպրոցների աշակերտներին:
Խոսելով տղամարդկանց և կանանց խաղաղմոլությամբ տարվելու մասին՝ Լ. Ղարախանյանն ասել է, որ աշխարհում կանայք ավելի խոցելի են և ավելի շուտ են խաղամոլ դառնում:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանի խոսքով էլ, կազմակերպելով նմանօրինակ միջոցառումներ, հնարավոր կլինի գտնել ուղիներ, որ խնդիրն արագ և ճիշտ լուծում ստանան:
Գ. Գրիգորյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել էլեկտրոնային խաղամոլության դեմ իրականացվող ծրագրերի մասով աջակցել «Հանուն ժողովրդի» ՀԿ-ին: