կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 20:13
Հասարակություն

ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգ

ՀՀ ՖՆ-ում տեղի է ունեցել էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգ

Փետրվարի  28-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՖՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-07/17 ծածկագրով էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգ:

Գնման ընթացակարգը կայացել է ըստ սահմանված կարգի: Գնահատող հանձնաժողովի անդամները հրավերով սահմանված ժամին էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով բացել են մասնակիցների հայտերը և գնահատել դրանք:

Ընթացակարգին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 11 մասնակիցներ: Ինչպես նշել է նշված ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմեն Մարտիրոսյանը, մասնակիցներից մի քանիսի հայտերում ներառված փաստաթղթերը հաստատված չեն եղել էլեկտրոնային ստորագրությամբ. «ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N  168-Ն որոշման համաձայն`  հայտերում ներառվող փաստաթղթերը պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ , ուստի այդ հայտերը ենթակա են մերժման: Մնացած հայտերի ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը արձանագրել է, որ դրանցով ներկայացված գնային առաջարկները գերազանցում են տպագրական աշխատանքների ձեռքբերման համար բյուջեով նախատեսված հատկացման չափը, ինչի արդյունքում հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ, պետք է ծանուցի մասնակիցներին գնային առաջարկների նվազեցման միաժամանակյա բանակցություններ անցկացնելու մասին: Բանակցությունների արդյունքում առաջին տեղը կզբաղեցնի այն մասնակիցը, որն իր գնային առաջարկը կնավզեցնի հատկացված ֆինանսական միջոցների չափից: Հակառակ դեպքում գնման ընթացակարգը կհայտարարվի չկայացած, և կկազմակերպվի նոր ընթացակարգ:   Եթե բանակցությունների արդյունքում ընտրվի առաջին տեղը զբաղեցրած մասնակից, ապա հանձնաժողովը վերջինիս կներկայացնի հրավերով սահմանված որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկություն, որոնց գնահատման հիման վրա միայն տվյալ մասնակիցը  կճանաչվի հաղթող, -նշել է Մարտիրոսյանը:

Հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի տպագրության աշխատանքների ձեռքբերման համար պետական բյուջեով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվել է 3 միլիոն 500 հազար դրամ:  

Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ էլեկտրոնային գնումների համակարգում կատարված ծրագրային փոփոխությունների արդյունքում 2017 թ-ից սկսած հայտերը բացվելուց հետո դրանք նույն պահին ավտոմատ կերպով հասանելի դարձան նշված համակարգում, և ցանկացած անձ հնարավորություն ստացավ ինչպես տեսնելու, այնպես էլ ներբեռնելու հայտերը:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնումների համակարգում ներդրված վերլուծական գործիքները, դրանց անհրաժեշտությունը, որոնք հասարակության շահագրգիռ անդամներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել և վերլուծել ցանկացած գնման գործընթաց:

«Պետական գնումների համակարգում կատարված բարեփոխումներից մեկը էլեկտրոնային գնումների համակարգի հնարավորինս ընդլայնումն է, այսինքն` գործողություններ են կատարվում գործընթացները էլեկտրոնային համակարգով կազմակերպելու հնարավորություն ունեցող պատվիրատուների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ: Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը և դրա շարունակական կատարելագործումը ուղղված է ինչպես գնման ընթացակարգերի կազմակերպման և անցկացման փուլում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները սահմանափակելուն, այնպես էլ այդ գործընթացներին բիզնես հանրության մասնակցության ծախսատարությունը նվազեցնելուն, որի արդյունքում մեծանում է գործընթացներին մասնակցության գրավչության աստիճանը: Մասնակիցները հնարավորություն են ստանում առանց որևէ գումար ծախսելու ներկայացնել հայտեր և մասնակցել մրցույթներին: Վիճակագրությունը ցույց է տալիս այս ամենի արդյունավետությունը, քանի որ բարձրանում է մրցակցության աստիճանը: Հաջորդ կարևոր էլեմենտը թափանցիկության աստիճանի բարձրացումն է. ինչքան համակարգը թափանցիկ է, այնքան հնարավոր չարաշահումների աստիճանը դրանով պայմանավորված նվազում է, համակարգը թույլ չի տալիս պատվիրատուներին փոխել հայտերում ներառված փաստաթղթերը, կառավարել գնման գործընթացը, ազդել  մասնակիցների վրա հետ վերցնելու հայտերը», - նշել է Շահնազարյանը՝ ավելացնելով, որ կարևոր է նաև հաշվետվողականության աստիճանի բարձրացման գաղափարը, և դրա համար հրապարակային են դարձել նաև համակարգով ներկայացված հայտերը. «Երբ պատվիրատուն բացում է հայտերը, դրանք ավտոմատ հասանելի են դառնում ինտերնետ միջավայրում, սա ևս  բարձրացնում է վստահությունը համակարգի նկատմամբ: Համակարգն այնպես է կառուցված, որ որևէ մեկը հնարավորություն չունի տեսնել հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները, միայն հնարավոր է տեսնել մասնակիցների քանակը, իսկ կոնկրետ որ մասնակիցն է ներկայացրել հայտ՝ հնարավոր է տեսնել հրավերով սահմանված հայտերը բացվելու ժամը լրանալուց հետո», - նշել է Սերգեյ Շահնազարյանը:

Էլեկտրոնային մրցույթների դեպքում գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինում առնվազն 5 հոգուց` հանձնաժողովի նախագահից, հայտերը բացող և գնահատող երկուական անդամներից:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին