Արցախցի երիտասարդ գրող Վովա Արզումանյանի նախաձեռնությամբ և «Երիտասարդական հանրային հետազություների կենտրոն»-ի աջակցությամբ Արցախի կառավարության շենքում այսօր տեղի է ունեցել «Արցախի գրական դարբնոց» խորագրով երիտասարդ ստեղծագործողների սեմինար-քննարկում:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վ. Արզումանյանը:
Նա ասել է, որ յուրաքանչյուր պետության հիմքը ուժեղ ու զարգացած երիտասարդությունն է, որոնց մեջ կան մարդիկ ովքեր օժտված են բնատուր տաղանդով՝ որն է ստեղծագործելը:
«Այսօրվա մեր քննարկման նպատակն է, որպեսզի Արցախում ապրող երիտասարդ գրողները կարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը, և այն հրապարակել տարբեր թերթերում և ամսագրերում: Երիտասարդ գրողների մեծ մասն իրենց ստեղծագործությունները հրապարակում են սոցցանցերում: Ցավոք սրտի, կան մարդիկ ովքեր զբաղվում են գրագողությամբ՝ անտեսելով ստեղծագործողի հեղինակային իրավունքները»,-մասնավորապես ասել է Վ. Արզումանյանը:
Քննարկաանը՝ «Երիտասսրդական հանրային հետազություների կենտրոն» ՀԿ նախագահ Անի Առաքելյանը ողջունելով ներկաներին, կարևորել է նման նախաձեռնության իրականացումը՝ այն համարելով արդիական թեմա:
Այնուհետև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը հանդես է եկել օրհնության խոսքում:
Խոսելով «Ստեղծագործությունը և մարդու հոգին» թեմայի մասին՝ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանն ասել է, որ մարդու համար ստեղծագործությունն ինքնաարտահայտման, չիրականացված երազանքների ու ձգտումների իրականացման միջոց է: Դա մի գործընթաց է, որը չունի վերջ:
«Ցանկացած տեսակի ստեղծագործության մեջ մարդ ներդնում է իրեն, իր մտքերը, զգացմունքները, ցանկություններն ու երազանքները, իր հավատն ու խանդավառությունը»,-նշել է հոգևոր հովիվը:
Միջոցառմանը ներկա ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ծառայող, երիտասարդ գրող Նանար Պողոսյանն էլ իր ելույթում անդրադարձել է հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերին:
Նրա խոսքով՝ հեղինակային իրավունքը ստեղծվել էր այն նպատակով, որ հեղինակները որոշակի վերահսկողություն ունենան իրենց աշխատանքների տպագրության նկատմամբ և ստանան որոշակի ֆինանսական փոխհատուցում, որպեսզի դա խթանի նրանց գրելու նոր գրքեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և համացանցի լայն տարածումն ի հայտ բերեց իրավական կարգավորման և հեղինակային իրավունքի պաշտպանության մի շարք բացթողումներ:
«Հեղինակային իրավունքի օգտագործման նոր միջոցները պահանջում են նոր մոտեցումներ, ինչպես գործնական, այնպես էլ տեսական հարթությունում: Դրա համար անհրաժեշտ է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օրենսդրության կատարելագործում, մի շարք հարցերի հստակեցում, ինչպես նաև հեղինակային իրավունքի ոլորտում լավագույն փորձերի ներդնումը»,-մասնավորապես ասել է Ն. Պողոսյանը:
Միջոցառմանը ելույթներով և առաջարկներով հանդես են եկել նաև այլ երիտասարդ գրողներ և հյուրեր: