Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին նորոգ հանգուցյալ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի և Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ հոգելույս Տ. Համբարձում վարդապետ Քեշիշյանի հոգիների հանգստության համար:
Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հայցեց, որպեսզի Տերն առաջնորդի ժողովականներին` արդյունավետ կերպով անցկացնելու ԳՀԽ հերթական ժողովը:
Հնգօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Քննարկման առարկա կդառնան 2019 թ. որպես Ընտանիքի տարվա միջոցառումների, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների ծրագրերը: Ժողովին կներկայացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը:
Օրակարգում ընդգրկված են նաև Նվիրապետական Աթոռների հետ հարաբերություններին, թեմերին, հայրապետական պատվիրակություններին և հովվական առաքելությանը վերաբերող հարցեր: