Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման և ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Եկեղեցու և եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ։
Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Առկա պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։ Ըստ այդմ էլ՝ ընդգծվեց բարդ այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտվեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման։
Քննարկվեցին զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։
Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախ աշխարհի և համայն հայության անվտանգ և ապահով կյանքի համար։