կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 21:23
Քաղաքական

ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Մ. Լայչակ

ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Մ. Լայչակ

ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Բաքվում կայացած ասուլիսում:

Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում և վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Քայլ առ քայլ և առանց ընդհատումների, ավելի ու ավելի ակտիվ երկխոսությամբ կարելի է հասնել այն մարդկանց կյանքի բարելավմանը, որոնք տուժել են հակամարտությունում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է»,- ասել է Լայչակը:

Նա ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահությամբ պատրաստակամություն է հայտնել սատարել համագործակցության ու երկխոսության զարգացմանն ուղղված քայլերին:

«ԵԱՀԿ-ն ոգևորված է ոչ պաշտոնական երկխոսություններով, որոնց ականատեսն ենք լինում մինչ օրս: Մենք ուշադիր հետևում ենք կառուցողական զարգացումների հնարավորություններին և պատրաստ ենք նպաստելու դրան, երբ անհրաժեշտ լինի»,- նշել է Լայչակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը երեք ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նրանք 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։