կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 12:57
Քաղաքական

Բանակցային ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. Լայչակ

Բանակցային ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. Լայչակ

Մարտի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

«Ես այստեղ եմ` վերահաստատելու մեր շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ լուծումներ գտնելու ճանապարհին: Միաժամանակ աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին և ներգրավվածությանը, որ ՄԽ համանախագահները կարող են այստեղ ներկայացնել: Պետք է նշեմ, որ ԵԱՀԿ-ի մեր նախագահությունը մարդակենտրոն է, կարգախոսն է՝ «Մարդիկ, երկխոսություն, կայունություն», որը միտված է հակամարտությունների կանխարգելմանը և առավել անվտանգ ապագայի կառուցմանը բազմակողմանի հարաբերությունների խթանման միջոցով: Ես ողջունել եմ փաստը, որ բռնությունը սահմանին նվազել է, և վստահ եմ, որ սա կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին: Բազմաթիվ են մարտահրավերները, բայց բոլոր հիմքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այս գործնթացին»,- նշեց Լայչակը:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ սա շատ կարևոր է հանգամանք է: «Մենք միշտ թերագնահատել ենք հանդիպումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ինչպես նաև արտգործնախարարների մակարդակով: Իհարկե, չնայած հրադադարի խախտման դեպքերի նվազմանը, հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող մոտեցումը կբերի չնչին բարեփոխումներ մարդկանց կյանքում: Սա հնարավոր է ապահովել: Մենք հանձն ենք առել ամբողջովին բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթաց, նաև ամրապնդվելու է հրադադարը»,- ընդգծեց Լայչակը:

Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքի վերաբերյալ հարցին, նաև` որ Սլովակիայից ևս սպառազինություն է հասնում Ադրբեջան՝ առանց վերջնական օգտագործման մասին փաստաթղթում նշման, նա պատասխանեց. «Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ այլ դիվանագիտական առաքելության կողմից, ուսումնասիրություն է իրականացվել, և Սլովակիայի կողմից որևէ սխալ չեն գտել, քանի որ Իսրայելի և Սլովակիայի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողը Իսրայելն է: Հարցը մի քանի անգամ քննարկվել է, այդ թվում՝ նախարար Մնացականյանի հետ, գործը փակ է, մենք միմյանց հասկացել ենք, ուստի քննարկումը չի շարունակվել, ինչպես նաև` պայմանագիրը»:

Իր հերթին Զոհրաբ ՄՆացականյանը հավելեց, որ Հայաստանը չի ողջունում սպառազինության մրցավազքը տարածաշրջանում և զգայուն է նման հարցերի նկատմամբ: «Սա եղել և մնում է մեր օրակարգում, և ոչ միայն` կոնկրետ գործի վերաբերյալ»,- ընդգծեց նա: 

Լայչակն անդրադարձավ նաև բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը: «ՀՀ կառավարությունը պետք է որոշի ձևաչափերը, բայց բանակցային ձևաչափում որևէ հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցային շարունակության վերաբերյալ` գոյություն ունեցող ձևաչափում»,- ասաց նա՝ հիշեցնելով երեք միջազգայնորեն ճանաչված սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի  կամ դրա սպառնալիքի չկիրառում:

«Սա  այն ճարտարապետությունն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը: Ես լիովին վստահում եմ Մինսկի խմբի համանախագահներին եւ դեսպան Կասպրշիկին: Ամեն ինչ անում եմ նրանց հետ սերտ համակարգմամբ»,- ընդգծեց Լայչակը: