Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական (ոլորտային) հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթը՝
Արձանագրում են.
1. Օրենսդրական նախաձեռնության փաթեթում բացակայում են մասնագիտական վերլուծություններն ու պետական կառավարման համակարգի միասնական տեսլականը: Ըստ այդմ, ներկայացված չեն առաջարկվող կառուցվածքի համալիր, ինչպես նաև յուրաքանչյուր նախարարության մասով մանրամասն հիմնավորումները: Նախագծի հիմնավորման մեջ, որտեղ, ըստ սահմանման, պետք է հիմնավորվեր նախարարությունների կրճատումից ու գործառույթների վերախմբավորումից ակնկալվող դրական արդյունքները, գնահատվեր վերակազմավորումների արդյունքում ակնկալվող խնայողությունները, պարունակում է ընդամենը դեկլարատիվ ու չհիմնավորված պնդում, որ նախարարությունների կրճատումը կբերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման: Առանց կառավարման համակարգի արդյունավետության ցուցանիշների ու թիրախային արժեքների սահմանման, ընդհանրապես իմաստազուրկ է արդյունավետության բարձրացման մասին խոսել: Տպավորություն է, որ առաջարկվող կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են վարչապետի զուտ քաղաքական բնույթի հայտարարությունները հապշտապ իրականություն դարձնելու նպատակով:
2. Չեն գնահատվել և հաշվի չեն առնվել խորհրդարանական կառավարման առանձնահատկությունները և արդի մարտահրավերները: Ըստ էության, անտեսված է առաջարկվող փոփոխությունների տրամաբանական կապը Սահմանադրությամբ գործադիր իշխանության լիազորությունների հետ:
3. Առաջարկվող փոփոխությունները անգամ չեն համապատասխանում իշխող ուժի հաստատած՝ իրենց իսկ կառավարության ծրագրին:
4. Օրենսդրական նախաձեռնության փաթեթը լիարժեք չէ: Բացակայում են պետական կառավարման համակարգին առնչվող այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները:
5. Նախագիծը չի համապատասխանում սուպերվարչապետության համակարգը վերափոխելու՝ իշխող ուժի նախկինում հնչեցրած մոտեցումներին:
6. Կարգավորման ազդեցությունների ամբողջական գնահատման բացակայության պայմաններում՝ ներկայացված չեն օպտիմալացման անվան տակ իրականացվող կրճատումների սոցիալ-տնտեսական գնահատականները, անտեսվել են կամ չեն կարևորվել Հայաստանի և Սփյուռքի հանրության կարծիքները: Ավելին, նախագծերի փաթեթում գնահատված չէ կրճատվող աշխատատեղերի և աշխատողների համար երկար տարիների ընթացքում պետության կողմից կատարված ծախսերի արդյունավետությունը, ներկայացված չեն հանրային ծառայողների գործազուրկ դառնալու ռիսկերը նվազեցնելու (չեզոքացնելու) լուծումները:
7. Չնայած կառավարության կառուցվածքային փոփոխությունների համար նախապես հնչող քաղաքական հայտարարություններում որպես հիմնավորում ներկայացվում էր տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը, սակայն հստակեցված չէ, թե որոնք են կրկնվող գործառույթները և նախարարությունների կրճատումն ու գործառույթների վերախմբավորումն ինչպես է այդ հարցը լուծելու:
8. Ներկայացվող նախագծով ստեղծվում են կառավարելիության ակնհայտ դժվարություններ ենթադրող գերծանրաբեռնված նախարարություններ: Բացի այդ, առաջարկվում են նախարարություններ, որոնց կառավարման ոլորտի գործառութային կապի անհստակությունը դժվարացնելու է միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը: Միավորվող նախարարությունները տարբեր գործառույթներ և կառավարչական ձեռագիր ունեցող կառույցներ են: Տարբերությունները կարող են բերել մեկ գերնախարարության կազմում գործող նախկին նախարարությունների միջև կապի խզման և կառավարման արդյունավետության էական անկման:
9. Մշակույթի, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև կրթության և գիտության նախարարությունների միավորումը վկայում է թե մշակույթի և թե մյուս ոլորտների քաղաքական ընկալման և դրանց դերակատարության թերագնահատման մասին։ Վերջինս առավել ակնհայտ է ազգային ինքնության, պետականության, ազգային անվտանգության, երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկա փուլում՝ մշակութային հայեցակարգի բացակայության պայմաններում:
10. Տարակուսելի է կառավարության դիրքորոշումը սփյուռքի նախարարության վերաբերյալ: Ներկայացվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախարարության փոխարինումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակով: Առաջարկի ընդունման դեպքում, փաստորեն գործադիր իշխանության կազմում` 2000թ.ից ի վեր կունենանք սփյուռքին վերաբերող պետական մարմնի ամենացածր կարգավիճակը: Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր` պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու, գործառույթները ամբողջացնելու և կարողությունները ուժեղացնելու փոխարեն առաջարկվում է վերացնել այն։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող սփյուռքի նախարարությունը վերացնելու որոշումը, առանց համազոր կամ ավելի բարձր կարգավիճակով պետական մարմնի ստեղծման, վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև սփյուռքում: Կառավարության կազմում սփյուռքի հետ հարաբերություններում առանձին կառավարության անդամի, որպես գործադիր իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի առկայությունը, ի թիվս այլ հանգամանքների, կարևոր է նաև ընդգծելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակական բնույթն ու պետական քաղաքականության առաջնայնության մակարդակը: Նման ծավալի աշխատանքների իրականացումը ենթադրում է ոչ միայն կառավարության անդամի կարգավիճակ, այլ նաև բացառում է այդպիսի կարգավիճակ չունեցող պետական կառավարման մարմնի որևէ այլ պաշտոնատար անձի համապատասխան լիազորությունների իրականացում (թեկուզև այն պարզ պատճառով, որ այն չի համապատասխանում հանրային կառավարման տարրական կանոններին): Եթե սրան էլ ավելացնենք այն փաստը, որ խորհրդարանական կառավարման պարագայում վարչապետի ծանրաբեռնվածությունն ու ոլորտային բազմազանությունը օբյեկտիվորեն հնարավորություն չեն կարող տալ վերջինիս ամենօրյա ռեժիմով իրականացնելու այդ աշխատանքները, ապա հստակ է դառնում, որ փոփոխություններով առաջարկված գլխավոր հանձնակատարի գրասենյակը չի կարող փոխարինել սփյուռքի նախարարությանը, իսկ գլխավոր հանձնակատարը` նախարարին: Ավելին, նկատի առնելով սփյուռքի հետ հարաբերությունների բազմաոլորտայնությունը, այս հարցում անհարժեշտ է լինելու նաև նախարարի հետ միասին ոլորտային համակարգման լիազորություն ունեցող փոխվարչապետի ներգրավվումը:
11. Դրական գնահատելով բնապահպանության նախարարության անվանափոխումը շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության անվանման վերականգնումը, միաժամանակ անբացատրելի է մնում ոլորտային նախարարության (գյուղատնտեսության) միացումը ընդհանուր համակարգային բնույթի նախարարությանը: Գյուղատնտեսության նախարարության կարողությունների ուժեղացման, գյուղի զարգացման պատասխանատվության ամրագրման փոխարեն վերացվում է տնտեսությունում էական կշիռ ունեցող ոլորտի պատասխանատու առանձին պետական մարմինը: Բացի այդ, էկոնոմիկայի նախարարության գործառույթները, որպես մակրոտնտեսական ու սոցիալ-տնտեսական ռազմավարական ծրագրերի մշակման պատասխանատուի՝ կարիք ունեն ամրագրման: Համակարգային բնույթ ունի նաև շրջակա միջավայրի նախարարությունը, որի լիազորությունները սակայն ներկայացված փաթեթում ամբողջական չեն (օրինակ հիդրոօդերևութաբանության, ընդերքի և այլ ոլորտներում): Սույն մասում նշված մոտեցումներին համապատասխան, քննարկման առարկա կարող են լինեն նաև ֆինանսների, արտակարգ իրավիճակների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների գործառույթներն ու լիազորությունները, որոնց նույնպես անդրադարձ չկա ներկայացված փաթեթում:
12. Ամբողջացված, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցված չեն մի շարք նախարարությունների գործառույթներն ու դրանցից բխող լիազորությունները: Մեխանիկական միավորումների արդյունքում ստեղծվում են նախարարություններ, որոնց գործողությունները (հատկապես գործառույթների ոչ հստակ ձևակերպված լինելու պարագայում) չեն կարող տալ ցանկալի արդյունք: Այսպես, անբացատրելի է, թե ո՞ր նախարարությունը կամ կառավարության ո՞ր մարմինն է պատասխանատու սոցիալական շուկայական տնտեսական քաղաքականության մշակման համար, ինչպե՞ս են բաշխվում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, որպես տնտեսական զարգացման հիմնարար ոլորտի, գործառույթները տարբեր գերատեսչական մարմինների միջև: Ի՞նչ բովանդակություն ունի ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական քաղաքականության մշակման լիազորությունը և ո՞ր մարմինն է ապահովելու կառավարության սահմանադրական այս պարտականությունը: Փոփոխություններով առաջարկվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիազորություններից հանել գիտելիքի և նորարարության ձևավորման տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը: Փաթեթում ներկայացված չէ թե ի՞նչ հիմնավորմամբ և/կամ ո՞ր այլ մարմինը պետք է այս լիազորությունն իրականացնի: Անդրադարձ չկա նաև ավիացիոն քաղաքականությամբ զբաղվող մարմնին:
Ամփոփում
Գտնում ենք, որ ՀՀ կառավարության գործունեության ու կառուցվածքի փոփոխություններ ենթադրող օրենսդրական նախաձեռնությունը կազմվել է հապճեպ՝ ընդամենը քաղաքական-նախընտրական հայտարարությունների կատարումն ապահովելու համար, առանց հայեցակարգային մոտեցումների և ակնկալվող արդյունքների մասնագիտական քննարկումների: Առանցքային նշանակության օրենսդրական փոփոխությունների մեջ քաղաքացիական հասարակության և մասնագիտական շրջանակների կարծիքն անտեսվել է:
Ելնելով վերագրյալից՝ ՀՀ կառավարությանն
Առաջարկում ենք.
Առ այդ, խստորեն առարկելով կառավարության կառուցվածքի ու գործունեության փոփոխության առաջարկվող նախագծերի փաթեթին, փաստում ենք, որ պետական կառավարման համակարգը փոփոխությունների կարիք ունի, սակայն այն պետք է լինի բովանդակային, բազմակողմանի և հանգամանալի հիմնավորված:
28.02.2019թ.