Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
Fastex Պրեմիեր Լիգայի մասնակից ակումբներն արձագանքել են մրցաշարի անցկացման ձևաչափի և այլ փոփոխություններին, որոնք ներկայացվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
ՀՖՖ-ի կայքը կներկայացնի ակումբների դիրքորոշումները՝ սկսելով մրցաշրջանի առաջատար «Նոայից»:
Խաղադաշտում ՀՀ մարզված կամ ՀՀ ազգային տարբեր հավաքականների անդամ ֆուտբոլիստների քանակի փոփոխություն
«Նոա» ֆուտբոլային ակումբը կտրականապես դեմ է փաստաթղթում տեղ գտած՝ խաղադաշտում առկա ՀՀ մարզված կամ ՀՀ ազգային տարբեր հավաքականների անդամ ֆուտբոլիստների քանակի բարձրացման առաջարկին։ Կարծում ենք, որ նշված թվաքանակի կտրուկ բարձրացումը բացասական ազդեցություն կունենա հայաստանյան թիմերի մրցունակության վրա։
Ակումբի տեխնիկական անձնակազմի գնահատմամբ՝ բարձր մրցակցության պայմաններում լեգիոներների կողքին հայ, հատկապես երիտասարդ, մարզիկներն ավելի մեծ հնարավորություն ունեն զարգանալու, դառնալու մրցունակ, փորձ ձեռք բերելու թիմակիցների հետ աշխատանքի արդյունքում (վառ օրինակներն են՝ Սերգեյ Մուրադյանը, Գոռ Մանվելյանը)։
Քվոտավորման խստացման դեպքում հավաքականի հավանական թեկնածուների մեջ կթուլանա մրցակցությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նրանց՝ հավաքական կանչվելու հնարավորության կամ հավաքականում հանդես գալու խաղամակարդակի վրա։
Տվյալ պահին ֆուտբոլային ակումբները որակյալ հայ ֆուտբոլիստներ ներգրավելու խնդիր ունեն, և գործող սահմանափակումը հնարավոր չէ իրականացնել անգամ ներկայում՝ 3 ֆուտբոլիստի դեպքում, իսկ քանակի բարձրացումը կհանգեցնի նրանց որակի իջեցման, ինչպես նաև թիմի ներքին մրցակցության թուլացման։
Հայաստանում մարզված ֆուտբոլիստների ռեսուրսը բավարար չէ այսպիսի փոփոխության համար, ավելին՝ այն կհանգեցնի մի իրավիճակի, որտեղ պրոֆեսիոնալ առաջնությունը վերածվում է բակային ֆուտբոլի։
Սահմանափակման խստացումը, մեր գնահատմամբ, կնվազեցնի լիգայի ընդհանուր ֆուտբոլային խաղամակարդակը, ինչի արդյունքում կթուլանա ֆուտբոլասերների հետաքրքրությունը հայկական Պրեմիեր լիգայի նկատմամբ, ինչպես նաև ակումբների մրցունակությունը եվրագավաթային մրցաշարերում։ Նույնիսկ այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդեպ հետաքրքրությունը այնքան ցածր է, որ կարծում ենք՝ այս փոփոխությունից հետո ֆուտբոլասերների հետաքրքրությունը շատ ավելի կնվազի։
Վերջին 30 տարիներին իրականացված ֆուտբոլային քաղաքականությունը բավարար հիմք չի ստեղծում նման կտրուկ որոշման համար։ Նման որոշմանը պետք է նախորդած լինեին տևական ժամանակ արդյունավետ գործող ռազմավարությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, ենթակառուցվածքային ծրագրերը:
Եթե դիտարկենք դաշտում 3 հայ ֆուտբոլիստի քանակի ավելացումը մինչև 5-ի, ապա ստացվում է, որ շուրջ 70%-ով բարձրացվում է հայ խաղացողների պարտադիր քանակը, ինչը չունի որևէ հիմնավորում։
Տարածաշրջանի և համադրելի այլ երկրներում, որտեղ սրընթաց զարգացում է եղել, նման խիստ սահմանափակումներ չեն կիրառվել, ավելին՝ ազատականացման պայմաններում բարձր մրցակցությունը առաջ է բերել տաղանդավոր տեղացի ֆուտբոլիստների ու ժամանակի ընթացքում բնական ճանապարհով ավելացել է նրանց թիվը։
Նման սահմանափակումները, որպես կանոն, հանգեցնում են դրանց շրջանցման տարբերակներ փնտրելու, օրինակ՝ թիմերը նախապատվություն կտան հավաքական կանչված, հայկական անձնագիր ունեցող արտասահմանցիներին, կփորձեն ներգրավել ՀՀ քաղաքացիություն ստանալու հավակնորդ ֆուտբոլիստների և այլն։
Այս ամենը, բացի հասարակությանը սիրաշահելու նպատակներից, չի կրում այլ հիմնավոր պատճառ, ուստի այս որոշումը ոչ մի կերպ չի կարող խթանել հայ բարձրակարգ ֆուտբոլիստների բացահայտմանը, որոնք կօգնեն հավաքականին։
Ակումբը հասկանում է, որ ՀՖՖ-ն ցանկանում է խրախուսել հայ տաղանդների բացահայտմանը, բայց տվյալ իրավիճակում ակումբները, որոնք փոփոխությունների առաջնային շահառուն են, ՀՀ կառավարությունը և ՀՖՖ-ն պետք է սերտորեն աշխատեն՝ հստակ, համատեղ կազմված ռազմավարությամբ՝ նախագծելով մանրամասն ճանապարհային քարտեզ, իսկ ՀՀ կառավարությունը պետք է ֆինանսապես մասնակից դառնա ամբողջ գործընթացին՝ օժանդակելով Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը։
Մենք ընդհանրապես դեմ ենք որևէ սահմանափակման, և ըստ մեզ՝ զարգացումն ու հայ մարզիկների մասնակցությունը պետք է լինի համաչափ և ըստ որակական առավելությունների։ Այնուամենայնիվ, հասկանալով հարցի զգայունությունը՝ ակումբը փոխարենը առաջարկում է շեմի աստիճանական բարձրացում, որը կունենա հետևյալ ձևաչափը՝
3 ֆուտբոլիստ՝ 2025-2026 թթ. մրցաշրջանի ընթացքում
Միջինում 3.5 ֆուտբոլիստ (հաշվարկված խաղերի ընդհանուր հայտարարի հիման վրա)՝ 2026-2027 թթ. մրցաշրջանից սկսած։ Քանի դեռ հայաստանյան ֆուտբոլը չի արձանագրել էական դրական փոփոխություններ, այս շեմը պետք է մնա անփոփոխ:
Այսպիսի աստիճանական փոփոխությունը անցնցում քայլ կլինի, որը, մի կողմից, կմեծացնի հայ ֆուտբոլիստների՝ խաղաժամանակ ստանալու հնարավորությունները և դրա ենթադրյալ հանրային դրական ընկալումները, մյուս կողմից՝ արհեստական միջամտություն չի դառնա՝ թուլացնելով թիմերի ներսում առկա առողջ մրցակցությունը։
Այս սահմանաչափը գերազանցող ցանկացած անհիմն բարձրացում, առկա իրողություններում, կարճաժամկետ կտրվածքով կարող է հանրային դրական արձագանք առաջացնել, սակայն երկարաժամկետ առումով միայն կվնասի հայկական ֆուտբոլի համաչափ զարգացմանը։
ԲԿՄԱ և պարտադիր զինվորական ծառայության տարիքի հասած ֆուտբոլիստների հիմնահարց
«Նոա» ֆուտբոլային ակումբը գտնում է, որ հայաստանյան ֆուտբոլի և ֆուտբոլային ակադեմիաների զարգացման պարտադիր նախապայման է հայ ֆուտբոլիստների մարզական կարիերայի անխոչընդոտ և շարունակական (առանց ընդհատումների) ընթացքը։ Ակումբը վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական ներդրումներ է կատարել երիտասարդ մարզիկների տրանսֆերներում, էական քայլեր է կատարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, ներգրավում է միջազգային մասնագետների, վճարում է Հանրապետությունում ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ մարզումային փոխհատուցումներ, իրականացնում է ֆուտբոլիստների ռելոկացիայի մեծ գործընթաց։ Սակայն արդյունքում ստացվում է, որ այս մարզիկների ներգրավման ուղղությամբ մեծածավալ ռեսուրսներ են ներդրվում, բայց ակումբը կորցնում է վերահսկողությունը սեփական ֆուտբոլիստների նկատմամբ՝ չկարողանալով իրականացնել ֆուտբոլիստների երկարաժամկետ զարգացման ծրագիր (LTDP)։
Վերը հիշատակված՝ ֆուտբոլիստների մարզական կարիերայի անխոչընդոտ և շարունակական ընթացքը խաթարվում է, եթե ֆուտբոլիստներն անցնում են զինվորական ծառայության և/կամ իրենց մարզական կարիերան շարունակում են ոչ թե իրենց աճեցրած ֆուտբոլային ակումբներում, այլ որևէ այլ ակումբային ձևաչափում (այս պարագայում՝ ԲԿՄԱ-ում)։ Ավելին, կարծում ենք, որ առկա համատեքստում տարկետումների տրամադրումը կամ կանչը ԲԿՄԱ ստեղծում է նաև չարաշահումների ռիսկեր։
Նշված խնդիրը լուծելու միակ հնարավոր տարբերակը տաղանդավոր և խոստումնալից մարզիկների ազատումն է պարտադիր զինվորական ծառայությունից և ակումբների ձայնի լսելիությունն է որոշումներ կայացնելիս։
Ի լրումն առկա կանոնակարգերի՝ գտնում ենք, որ յուրաքանչյուր ակումբ ինքը ևս պետք է ազատ լինի որոշում կայացնել որոշակի ֆիքսված թվով երիտասարդ ֆուտբոլիստների կարիերայի շարունակականության վերաբերյալ՝ պարտավորվելով որպես տվյալ մարզիկի զարգացման երաշխիք հատկացնել որոշակի գումար (պայմանական՝ XXXXXXXX ՀՀ դրամ)։ Ակումբների կողմից ընտրված նման ֆուտբոլիստները պետք է տարկետում ստանան պարտադիր զինվորական ծառայությունից այնքան ժամանակ, քանի դեռ խաղում են Հայաստանի Պրեմիեր լիգայի կամ այլ երկրների առաջին կարգի առաջնությունների հիմնական թիմերում։
Պետք է սահմանվեն նաև չափանիշներ, որոնց համաձայն ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության նկատմամբ ակումբների կողմից կիրառված «վետոյի» իրավունքը կդադարեցվի, օրինակ՝ բավարար խաղաժամանակ չստանալը մինչև որոշակի տարիքային շեմ հասնելը։
Բոլոր այս հարցերն անհրաժեշտ է քննարկել ՀՀ կառավարության հետ՝ մշակելու համապատասխան օրենսդրական միջավայր միջազգային փորձի համադրությամբ և ֆուտբոլի զարգացման համաշխարհային միտումների հաշվառմամբ (մասնավորապես՝ միջազգային ֆուտբոլի երիտասարդացումը, թոփ ակումբներում երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների ավելացող թիվը)՝ երաշխավորելու մանկապատանեկան ֆուտբոլում ներդրումների ապահովությունը։
Սա է հիմքը Հայաստանում մարզված ֆուտբոլիստների զարգացման և արդյունքում ՀՊԼ-ում նրանց մասնակցության և քանակի ավելացման։
Առաջնության ձևաչափ
«Նոա» ՖԱ-ն կարևորում է Հայաստանի առաջնության զարգացման երկարաժամկետ տեսլականը՝ այն կառուցելով մրցունակության, կայունության և որակի բարձրացման սկզբունքների հիման վրա։ Ստորև ներկայացնում ենք մեր տեսակետը ՀՖՖ-ի առաջարկած տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում ենք այլընտրանքային մոդել, որը, մեր գնահատմամբ, կարող է լավագույնս ապահովել առաջնության զարգացումը՝ միաժամանակ բարձրացնելով թիմերի մրցունակությունը եվրոպական մրցաշարերում։
Ա տարբերակը նախընտրելի է Բ տարբերակի համեմատ, քանի որ որքան շատ են խաղաշրջանները, այնքան շահավետ է թիմերի համար։ Ավելի շատ հանդիպումներն ավելի ուժեղ մրցակիցների դեմ նպաստում են առաջնության ընդհանուր մակարդակի բարձրացմանը և զարգացնում են թիմերի մրցունակությունը։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է համատեղ ջանքերով հասնել այնպիսի կարգավորումների, որոնք կապահովեն թիմերի կայունությունն այնպես, որ խաղաշրջանի կեսից թիմը չկանգնի ֆինանսական լուրջ մարտահրավերների առաջ՝ հարցականի տակ դնելով առաջիկա հանդիպումները։
Գ. Առաջարկվող նոր ձևաչափ
Մենք առաջարկում ենք լրիվ նոր տարբերակ՝ հիմնված առաջնության որակի բարձրացման, երկրպագուների հետաքրքրության մեծացման և մրցունակության ապահովման վրա.
10 թիմ
2 շրջան (տնային և արտագնա խաղերով)
Շրջանների ավարտին՝
առաջին 4 թիմերը անցնում են փլեյ-օֆ՝ չեմպիոնի կոչման համար
վերջին 6 թիմերը՝ փլեյ-օֆ՝ ՀՊԼ-ից դուրս մնալու համար
Փլեյ-օֆի մեկնարկում թիմերը ստանում են իրենց նախորդ 2 շրջաններում հավաքած միավորների կեսը և նոր փուլը սկսում այդ միավորներով
Փլեյ-օֆի ընթացքում թիմերը նորից խաղում են 2 շրջան (տնային և արտագնա խաղերով), վաստակելով լրացուցիչ միավորներ՝ չեմպիոն դառնալու կամ առաջնությունում մնալու համար
Գ տարբերակի առավելությունները
Առաջնության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, ինչը պահում է լարվածությունն ու դիտարժանությունը մինչև վերջին տուրերը
Առաջնության վերջին հատվածում թիմերը մրցում են ավելի ուժեղ մրցակիցների դեմ, ինչը բարձրացնում է խաղերի որակն ու նշանակությունը
Առաջնությունը չի սկսվում ու ավարտվում անհետաքրքիր խաղերով, այլ ստանում է տրամաբանական զարգացում՝ ամենակարևոր խաղերն ունենալով վերջնամասում
Եվրագավաթներից առաջ թեկնածու թիմերն անցկացնում են մրցակցային հանդիպումներ՝ գտնվելով ավելի լավ մարզավիճակում կարևոր խաղերից առաջ
Հաշվի առնելով հայ երիտասարդ ֆուտբոլիստների խաղաժամանակ ստանալու և զարգացման անհրաժեշտությունը՝ «Նոան» ողջունում է ՀՖՖ-ի առաջարկը՝ ստեղծելու երրորդ պրոֆեսիոնալ լիգա։
Ներկայումս Հայաստանում պրոֆեսիոնալ երիտասարդ ֆուտբոլիստների համար սահմանափակ են մրցակցային հնարավորությունները, ինչը խոչընդոտում է նրանց առաջընթացը, միջազգային մակարդակում տեսանելիությունը և ակումբների ակադեմիաների արդյունավետ զարգացումը։
Այս իրավիճակի շտկման նպատակով առաջարկում ենք՝
կամ վերացնել գործող սահմանափակումը, ըստ որի՝ մեկ ակումբ կարող է ներկայացված լինել միայն մեկ թիմով Առաջին խմբում, կամ պաշտոնապես նախաձեռնել երրորդ պրոֆեսիոնալ լիգայի ձևավորման գործընթացը՝ ստեղծելով կայուն և շարունակական զարգացման միջավայր երիտասարդ ֆուտբոլիստների համար։
Առաջնության կազմակերպման վերաբերյալ դիտարկումներ
Խաղացանկերը պետք է հրապարակվեն առնվազն մեկ ամիս առաջ, ոչ թե երկու շաբաթ կամ ավելի ուշ, ինչպես երբեմն լինում է
Խաղացանկերը պետք է ավելի կայուն լինեն և չփոփոխվեն հաճախ, որպեսզի թիմերն ունենան պատրաստվելու բավարար ժամանակ
Թիմերին պետք է տրամադրվեն անհրաժեշտ պայմաններ՝ եվրոպական մրցաշարերում մրցունակ ելույթ ունենալու համար, ինչը բարձրացնում է ազգային առաջնության հեղինակությունն ու ընդհանուր մակարդակը։
Ամփոփում
Ամփոփելով ցանկանում ենք նշել, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայումս իրականացնում է ակումբային ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Մեծ ներդրումներ են կատարվում ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ. այս տարի շահագործվում է միանգամից երկու նոր խաղադաշտ՝ արհեստական և բնական։ Շուտով կավարտվի Առաջին թիմի համար գերժամանակակից մասնաշենքի շինարարությունը, Ակադեմիայի վերակառուցումը ևս կմեկնարկի առաջիկայում։ Ակումբի կարևորագույն նախաձեռնություններից է, իհարկե, մարզադաշտի կառուցումը, որը պետք է դառնա տարածաշրջանի ամենաառաջադեմ սպորտային ենթակառուցվածքներից մեկը։ Այս պահի դրությամբ միայն ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեր կողմից իրականացված ներդրումների ծավալը գերազանցում է 2,5 մլրդ ՀՀ դրամը. այսպիսով, ակումբը շարժվում է հայկական ֆուտբոլի զարգացման անշեղ տեսլականով, և ակնկալում է արդյունավետ համագործակցություն զգայուն և կարևոր հարցերի շուրջ թե՛ ՀՖՖ-ի, թե ՛գործընկեր այլ ակումբների հետ՝ միասին հասնելու հայ ֆուտբոլիստի և հայկական ֆուտբոլի զարգացման լավագույն կանոնակարգային և ինստիտուցիոնալ միջավայրին։ Փաստաթղթում առաջարկվող վերը քննարկված փոփոխությունների ներդրումը փաստացի վտանգի տակ կդնի Ակումբի ռազմավարական նպատակները և կստիպի մեզ վերաիմաստավորել մեր ծրագրերը, քանի որ գործարար որոշումները կայացվել են այլ միջավայրում և այլ պայմաններում։