կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 12:36
Իրավական

ՔԿՀ-ներում աշխատանքը հրապուրիչ չէ` աշխատակիցների թափուր տեղեր կան. Զեյնալյան

ՔԿՀ-ներում աշխատանքը հրապուրիչ չէ` աշխատակիցների թափուր տեղեր կան. Զեյնալյան

Կառավարությունը պատրաստվում է լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրավերով էր մասնակցում նիստին:

Նախարարը վստահեցրեց, որ մինչև «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով համաներում հայտարարելը ՔԿՀ-ներն արդեն իսկ բեռնաթափվել էին:

«ՔԿՀ-ներում այս պահի դրությամբ 2266 դատապարտյալ ու կալանավոր կա: 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում այս պահին: 27 ծակող-կտրող գործիք է հայտանաբերվել: Ոգելից խմիչք չի հայտնաբերվել: Հայտնաբերվել է նաև 15 բջջային հեռախոս: Քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողների թիվը 8-ն է: Բարելավվել է սննդի որակը, ինչի մասին վկայում  են դատապարտյալների հարազատները, դիտորդական խմբերը: Խիստ պակասել է հանձնուքների քանակը, հացի որակն է լավացել: Ինքս էլ համատեսում եմ սնունդը, ծանոթանում ճաշատեսակներին ու այդ թեմայով առանձնազրույց ունենում դատապարտյալների հետ»,- հայտնեց Զեյնալյանը:

Նախարարը խոսեց նաև ցմահ դատապարտյալներին ու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողներին տարբեր վայրերում պահելու մասին: Ըստ նրա` այդ մասով օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք հնարավորություն կտան, ըստ դատապարտյալի կամ կալանավորի վարքի, փոխել պահման վայրը:

«Կառավարության որոշմամբ` նախատեսել ենք Երևանի, Գյումրու և Վանաձորի հիվանդանոցներում ունենալ ճաղավանդակներով առանձնացված, հատուկ բաժանված հիվանդասենյակներ, ինչը կալանավորին ու դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցներում բուժելու հնարավորություն կտա»,- տեղեկացրեց նախարարը:

Զեյնալյանն ավելացրեց նաև, որ ՔԿՀ-ների աշխատակիցների թափուր տեղեր կան, բայց այդ աշխատանքը քիչ հրապուրիչ է, աշխատավարձը` ցածր: Նա հայտնեց, որ երբեմն նորմատիվը նախատեսում է 7 աշխատակից, բայց այն իրականացնում է 1 մարդ: