կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-17 15:39
Հասարակություն

Հայաստանի որ բուհերում և ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր

Հայաստանի որ բուհերում և ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր

Հայաստանյան առաջատար մի շարք բուհերում 2019-2020 ուսումնական տարվա համար առկա ուսուցման բակալավրիատի համար մի շարք մասնագիտությունների գծով մնացել են թափուր տեղեր: Բուհերի ներկայացուցիչները դա հիմնավորում են ինչպես դիմորդների՝ անցողիկ շեմը չհաղթահարելով, այնպես էլ դիմելիության ընդհանուր թվի պակասով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես առկա ուսուցման բակալավրիատի համար մայր բուհում մնացել է713  թափուր տեղ (ներառյալ Իջևանի մասնաճյուղում առկա թափուր  233 թափուր տեղը): 2018-ին ԵՊՀ-ում եղել է  1749 թափուր տեղ (պայմանավորված դիմորդների թվի սակավությամբ), իսկ 2017-ին՝ 902 թափուր տեղ: Երևանի պետական համալսարանում այս տարի թափուր տեղեր են առկա մասնավորապես Ֆիզիկայի, Քիմիայի, Երկրաբանության, Սոցիոլոգիայի, Հայոց լեզվի և գրականության, Ռուսաց լեզվի և գրականության, Անգլերեն լեզու, Գերմաներեն լեզու և հաղորդակցության, Անգլերեն լեզու, Ֆրանսերեն լեզու և հաղորդակցության, Աստվածաբանության, Կրոնագիտության և մի շարք այլ բաժիններում:

ԵՊՀ-ից տեղեկացրին, որ թափուր տեղերի առկայությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ դիմորդները չեն հաղթահարել անցողիկ շեմը:

2019-2020 ուսումնական տարվա համար Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 1176 տեղի համար դիմել է ընդամենը 921 դիմորդ, որից 25 տոկոսը չի հավաքել անցողիկ շեմը: Բուհ է ընդունվել 676 անձ, առկա է 514 թափուր տեղ:

Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ թափուր տեղերի հնարավոր պատճառներին: «Առաջին գործոնը դիմորդների քանակն է: Երկրորդ գործոնն այն է, որ այս տարի անցողիկ շեմն ավելի շատ դիմորդներ չեն հաղթահարել»,-ասաց նա ու նկատեց, որ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ինչը միջազգային միտում է:

Մովսիսյանն անդրադարձավ նաև դիմորդների կրթվածության մակարդակին: Նրա խոսքով՝ նույնիսկ շատ դեպքերում դիմում-հայտը տառասխալներով են լրացնում։

Տնտեսագիտական համալսարանում թափուր տեղեր են առկա Տնտեսագիտություն, Հաշվապահական հաշվառում և հարկում, Բնապահպանություն և բնօգտագործում, Վիճակագրություն, Զբոսաշրջություն և մի շարք այլ բաժիններում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այս տարի առկա է 669 թափուր տեղ: Թափուր տեղեր են առկա մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, հայոց լեզվի և գրականության, ռուսաց լեզվի և գրականության, հոգեբանության, լոգոպեդիայի և մի շարք այլ մասնագիտությունների գծով:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում թափուր է մնացել 454 տեղ՝ քաղաքագիտության, լրագրության, ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, ֆրանսերեն և հայերեն լեզուներով թարգմանչական գործի, անգլերեն լեզու լեզվաբանության և այլ մասնագիտությունների գծով:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առկա է 694 թափուր տեղ՝ անշարժ գույքի փորձաքննության, շենքերի նախագծման, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման և հարկման մասնագիտությունների գծով:

Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա է 952 թափուր տեղ՝ անասնաբուժության, դեղագիտության, ապահովագրական գործի և այլ մասնագիտությունների գծով:

Գնահատման և թեստավորման կենտրոնը արդեն հայտարարել է, որ բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։