Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ Օրակարգում են կառավարության ծրագրի ու կառավարության կառուցվածքի մասին նախագծերը:
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ երեք օր, տեղներում հանգիստ նստած, հետևում են, թե ինչպես է ընթանում քննարկումը, բայց մի բան անկհայտ է, որ, զարմանալիորեն, քննարկումը անհանդուրժողական մթնոլորտում է ընթանում:
«Զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը, իշխանություն դառնալով, ոնց է այդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմամբ: Մարդիկ այդ կարճ ժամանակահատվածում սկսում են տարբեր ոճաբանական, նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռք առնել քաղաքական մրցակիցներին և ոչ հակառակորդներին: Այս առումով շատ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի»: Գայթակղությունը կար` անցնել չափն ու սահմանները: Մեր գործընկներները, մեզ լավ ճանաչելով, գիտեն, որ չի լինում այնպես, որ նման իրավիճակներում մենք չարձագանքենք»,- ասաց Մարուքյանը:
Նա անդրադարձավ նաև առաջ քաշված այն մտքին, որ աղքատությունը մարդկանց գլխում է` նշելով. «Մտովի հետ եմ գնում 90-ականներ, երբ ես երեխա էի: Մենք այն ժամանակ, որ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին, երբ աղքատ էինք, միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Մինչև 2018 թվականը աղքատության մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Մենք այդպես ենք սովոր, այդպիսին է մեր քաղաքական համակարգը, և գալիս է հեղափոխությունը, ու հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլխում է»:
ԼՀԿ ղեկավարը նաև քննադատեց, որ կառավարության ծրագրում թվեր չկան, խոսք անգամ չկա ջրամբարների մասին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հակադարձեց. «Ո՞ւր են ձեր թվերը»,- հարցնում են մեր գործընկերները: Այս հարցերի պատասխանը կառավարության ծրագրում, այո, չկա, բայց այդ ջրամբարները կառուցվելու են»:
Նա հավելեց նաև, որ իր ելույթը վերնագրել է` «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդմոն Մարուքյանի մասին»։
Միրզոյանի խոսքով՝ իրենց պլանը մեկն է եղել՝ քաղաքացու հավատի, գիտակցության արթնացում, քաղաքացու մասնակցություն ու քաղաքացու հաղթանակ։
«Կյանքը ցույց տվեց, որ քաղաքացու մասնակցությամբ ապահովվեց քաղաքացու հաղթանակը: Քաղաքականությունը զգացմունքների հարց է, որովհետև եթե մենք հաշվեինք՝ ինչի դեմ ենք դուրս գալու ու ինչ ենք անելու, ինչ շանսեր ունեինք, մենք երևի չսկսեինք, բայց մեր ներսում եղած զգացմունքներն էին, որ մեզ առաջնորդում էին։ Հեղափոխությունն էլ զգացմունքների հարց էր »,- ասաց ԱԺ նախագահը` խոսքն ամփոփելով այսպես. «Սիրում ենք մենք իրար, սիրում ենք մենք մեր հայրենիքը ու ամեն ինչ պետք է անենք, որ մեր ջրամբարները կառուցվեն»։