Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախյան շարժման ու պատերազմի առաջամարտիկ ու հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, «Մարտական խաչ առաջին աստիճանի» եւ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Պետրոս Ղեւոնդյանի նահատակության օրն է:
Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների, զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակի» շուրջ, նա, որպես կամավոր, մեկնեց Արցախ։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսանող Պետոն, մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղևոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրավման դժվարին ծրագիրը, այլև իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Շահումյանի շրջանում անցկացված հենց առաջին իսկ օրերից Պետոն աչքի ընկավ մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարվեցողությամբ, մարդկանց հասկանալու կարողությամբ:
1991 թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնեց Գետաշեն ու տեղ հասնելուն պես Պետոն ու իր ընկեր Կարոտը անմիջապես ներկայացան Թաթուլ Կրպեյանին` քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի և Կարոտի առաջին, և, ցավոք վերջին հանդիպումն էր:
Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշենի, Մարտունաշենի ողբերգական անցքերից հետո, երբեք չապրեց պարտվողի հոգեբանությամբ, նրա դավանանքը միայն հաղթանակն էր:
Անգամ Շահումյանի դեպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարոտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպեսզի նա կորցներ իր վճռականությունն ու անսասան ոգին:
Սակայն 1994թ. փետրվարի 14-ին Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին, Պետրոս Ղեւոնդյանը զոհվեց:
Պետրոս Ղեւոնդյան Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի լավագույն ներկայացուցիչներից է, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զենքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արյամբ ամրագրեցին մեր լինելության գաղափարը։
Պետոյի գործի միակ չափանիշը անմահությունն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղևոնդյանը 1996 թվականին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Մրտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան, արժանացել «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով է կոչվում Պռոշյանի, Եղեգնուտի և Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007թ.-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվել է «Պետրոս Ղևոնդյան» անունը կրող լսարան: