կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-07 13:42
Հասարակություն

Երբ արձանագրվում է, որ վերանորոգող շինարար Պետոն ոչինչ էլ չի արել, և նրան կարգին ասող չի եղել…

Երբ արձանագրվում է, որ վերանորոգող շինարար Պետոն ոչինչ էլ չի արել, և նրան կարգին ասող չի եղել…

Այսօր ԱԺ քառօրյա նիստում, ուր քննարկվում էր 2015թ. պետական բյուջեի կատարողականը, հիմնական զեկուցող` ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վերջին չորս տարիների բյուջեների կատարողականի քննարկումները վերլուծելիս հիշում է կարգին հաղորդման մանրապատումներից մեկը, երբ հիմնանորոգվող բնակարանի տերը մեկ ամիս անց մտնում է տուն ու արձանագրում, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որևէ բան չի արել: Եվ երբ բնակարանի տերը հարցնում է. «Ի՞նչ ես արել այս ընթացքում», Պետոն ասում է. «Լուսամուտը դրիմ»: «Հետո՞»,- հարցնում է բնակարանի տերը: «Լուսամուտը դրիմ, էտ պահին գյաջը թափվեց, էտ էլ սիրուն մաքրիմ ու պատուհանը փակիմ: Հիմա նայում ես՝ վախ»,- ասում է Պետոն:

Պատգամավորը, օրինակը բերելով, նշեց, որ վերջին չորս տարվա բյուջեների կատարողականներում էլ գրված է` Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծերի անցկացում: Բյուջեի կատարողականն ասում է. «Դե, նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ …»: Եվ այսպես շարունակ` բոլոր ծրագրերի մասով՝ Իրան-Հայաստան երկաթուղի, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի անցկացում: «Բայց կոնկրետ ի՞նչ է արվել, տեսնում ենք, որ ոչ մի բան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ջանջուղազյանն արձագանքեց, որ հարցի գեղարվեստական մասը, իհարկե, լավն էր: Նրա խոսքով՝ այդ ծրագրերի պատասխանատուներն իրենց պարզաբանումները տվել են, այլ հարց է, որ պատգամավորին չեն բավարարում դրանք: «Միշտ էլ կարելի է չբավարարվել արվածով ու պահանջել ավելին»,- ասաց Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շինարար Պետոն էլ իր բացատրություններն ուներ այդ մանրապատման մեջ, սակայն հարցը ուրիշ կերպ լուծվեց` Պետոն բողոքեց բնակարանի տիրոջը` ասելով. «Մինչև հիմա  ինչո՞ւ կարգին չէիր ասում»:

«Եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, երևի ուրիշ կերպ լիներ ամեն ինչ: Ուղղակի մեր կառավարությանը կարգին ասող չկա, որ պարտավորությունները պետք է իրականացնել ճշգրիտ»,- ասաց պատգամավորը: