կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 11:49
Հասարակություն

«Երևան ավտոբուս»-ում տեխնոլոգիական վերազինում է սպասվում, տնօրենին փոխել են. քաղաքապետարան

«Երևան ավտոբուս»-ում տեխնոլոգիական վերազինում է սպասվում, տնօրենին փոխել են.  քաղաքապետարան

Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվել են  դուրս գալ երթուղի՝ պահանջելով իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատել:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այս առնչությամբ  հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին:

«Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում` շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի: 

Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով: 

Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով:

Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը: