կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 19:15
Քաղաքական

Պետական պարգևավճարները չեն գերազանցի դրույքաչափի 200%-ը

Պետական պարգևավճարները չեն գերազանցի դրույքաչափի 200%-ը

ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:

Որոշման նախագծով սահմանվել են պարգևատրման հստակ ցուցիչներ պետական աշխատողների համար:

«Պարգևատրման ամսական ցուցիչները կարող են սահմանվել տարվա կամ կիսամյակի կամ եռամսյակի պարբերականությամբ: Պարգևատրման ցուցիչը (ցուցանիշը) այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից:

Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով:

Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը»,- նշված է նախագծում:

Փաստաթղթում նաև ներկայացված է, թե որ դեպքում աշխատողը չի պարգևատրվում:

«Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը և ներկայացնում է աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Աշխատողը չի պարգևատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։ Այս դեպքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքը համարվում է բացասական»,- գրված է հրապարակված որոշման նախագծում:

Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների ամբողջական և միասնական կարգավորումներ: