կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 15:05
Հասարակություն

Ֆիննախի որոշման պատճառով Գիտպետկոմի նախագահը մեկ ամիս չի քնել

Ֆիննախի որոշման պատճառով Գիտպետկոմի նախագահը մեկ ամիս չի քնել

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողներին էր ներկայացնում ԿԳ նախարարության ենթակայության ներքո գործող գերատեսչության առաջիկա 5 տարիների ռազմավարական պլանը: Ըստ այդ փաստաթղթի` առաջիկա 5 տարում գիտությունը պետք է թռիչքաձև վերելք ապրի: Ներկայացված հաղորդագրության մեջ անդրադարձ կար նաև այս օրերին գիտնականների զգայարանների հետ «խաղացած»` բազային հիմնադրամների ֆինանսավորման դրույթին: Գիտպետկոմն իր վերադաս նախարարության հետ համատեղ օրենսդրական նոր փաթեթ է նախաձեռնում, որը պետք է կարգավորի բազային հիմունքներով հիմնադրամների ֆիանսավորումը: Հարությունյանը, ըստ էության, հաստատեց ԿԳ նախարարի երեկվա միտքը,  այն է` բազային հիմքով հիմնադրամները գուցե եկող տարվանից ֆինանսավորվեն վարկանիշային եղանակով:

«Պատրաստում ենք նոր` ռեյտինգային ֆինանսավորման կարգ, այն արդեն պատրաստ է, ու մոտ ժամանակներս մեր կայքում կտեղադրենք: Նախագիծը գիտնականների շրջանում լայն քննարկում անցնելուց հետո նոր միայն կառավարության հաստատմանը կներկայացվի»,- ասաց նա:

Բանախոսը մտահոգություն հայտնեց, որ գիտության պատասխանատու ոլորտները բազմազան են, ու երբ հարցեր են  առաջանում, կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ում պետք է հարցում ուղարկի` կարծիք իմանալու համար: ԿԳ նախարարը ևս, ըստ Հարությունյանի, անհանգստացած է այդ հարցով, որին օր առաջ պետք է  լուծում տալ: «Պետք է հստակ սահմանվի` ով է գիտության պատասխանատուն այս երկրում, և հետո նոր պահանջներ ներկայացվեն: Բացի այդ` ոլորտային խնդիրները պետք է ոլորտային նախարարության կողմից ներկայացվեն, այլ ոչ թե` ֆինանսների նախարարության»,- ընդգծեց Գիտպետկոմի ղեկավարը:

«Իսկ երբ ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 27-ին ընդունված 1515 N որոշման նախագիծը տեղադրել է e-gov  կայքում, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում այդ խնդրի մասին»,- միջամտեց Yerkir.am-ի լրագրողը: «Ես մեկ ամիս չեմ քնում դրա պատճառով, ես զարմացած եմ, թե ինչու է այդպիսի բան եղել: Մենք ԿԳ նախարարի հետ պայմանավորվել ենք, հոկտեմբերի ամսին ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի վարկանիշային կարգի մշակմամբ: 2018-ի հոկտեմբերի 9-ին նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվեր ռեյտինգային ֆինանսավորման չափորոշիչների մշակմամբ: Ենթադրվում էր, որ ամռանն ավարտելու ենք նախագծի աշխատանքներն ու այն ներկայացնենք կառավարության հաստատմանը: Բայց մեկ էլ դեկտեմբերի 27-ին որոշում է լինում... Ես ապշել էի այդ որոշումից»,- պատասխանեց նա:

Սամվել Հարությունյանը, շարունակելով պատասխանել մեր հարցին, ասաց նաև, որ դեկտեմբերի 27-ի աղմկահարույց որոշումից առաջ բանավոր քննարկում են ունեցել ֆիննախի հետ, որին մասնակցել է Գիտպետկոմի տնօրենի տեղակալը, և այդ ժամանակ իրենք բացասական պատասխան են տվել: «Կարծիք հայտնելու համար մեզ գրավոր հարցում չեն ուղարկել, եթե ուղարկեին, ես բացասական կարծիք պետք է տայի»,- Yerkir.am-ի հարցին պատասխանն այսպես ամփոփեց բանախոսը:

Վրույր Սևակ