Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանն օրհներգի փոփոխության առաջարկը նոր երևույթ չի համարում` դա բնորոշելով որպես ապազգային քարոզչության հնարքներից մեկը, որ ժամանակ առ ժամանակ առաջ է քաշվում բազմաբնույթ նպատակներով։ Նրա կարծիքով` այդ առաջարկի հիմնական նպատակը ժողովրդի ուշադրությունը կենսական խնդիրներից շեղելն է։ «Մեծ թվով ապաշնորհներ այսօր երկիրը կառավարելու առիթն ընդունել են որպես երկնային մանանա և, կամա-ակամա, այնքան սխալներ են թույլ տալիս, որ անհնարին է տրամաբանական բացատրություններ գտնել այդ բոլորի համար։ Մարդկանց ուշադրությունն այս ցավոտ խնդիրներից շեղելու լավ միջոց է ոչ առօրեական, բայց հուզական առումով զգայուն և կարևոր հարց բարձրացնելը»,- ասում է Մասիս Աբրահամյանը։
Ըստ նրա` երկրորդ նպատակը Հայաստանի և Սփյուռքի մեջ սեպ խրելն է, ինչպես ժամանակին դա արել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հավանաբար, մարդիկ գիտեն իրենց ժամանակավոր բնույթի մասին և փորձում են, Սփյուռքի ազդեցությունը փոքրացնելով, ազատ ձեռքեր ունենալ ապազգային գործունեության համար»,- նշում է Մասիս Աբրահամյանը:
Դաշնակցական գործիչը պնդում է, թե արևոտ օրվա լույսից էլ պարզ է` պետության խորհրդանիշերը հագուստ չեն, որ ամեն օր փոխես։ «Միայն պճնանքին մեծ նշանակություն տվող ալենսիմոնյանները կարող են սա չհասկանալ։ Օրհներգը, դրոշը և զինանշանը մի ժողովրդի պատմության կերտած խորհրդանշաններն են, որոնք հնարավոր է` գեղագիտական բարձրագույն արժեքներ չլինեն, բայց անպայման սուրբ մասունքներ են, որոնք աչքի լույսի նման պետք է պահպանել։ Եվ նրանք, ովքեր սա հրաշալի հասկանում են, հենց այդպես էլ վարվում են: Ո՞վ 70 տարի պահպանեց այս մասունքները, երբ հայրենիքի անկախությունն օտարներն էին նվաճել, ո՞վ էր ամենուր ծածանում եռագույնը և երգում «Մեր Հայրենիք»-ը, երբ Խորհրդային Հայաստանում ազգային արժեքներն էին բռնաբարում, և ո՞վ դրանք փառքով հասցրեց Արցախի ազատամարտի ռազմի դաշտ, որ ազգի մեծագույն հաղթանակները դրանցով պսակի։ Ալենսիմոնյանները քնած են եղել և այս ամենը չեն նկատել, հակառակ դեպքում` հիմա կպապանձվեին»,- ասում է Մասիս Աբրահամյանը։
Ըստ նրա` եթե Հայաստանի նոր խորհրդարանն այս հարցի օգտին քվեարկի, և այն դառնա հանրաքվեի նյութ, դա վերջին 30 տարվա ամենանողկալի որոշումը կլինի և հատկապես Սփյուռքում ընդվզման սարսափելի ալիք կբարձրացնի: «Այն, ի վերջո, արդեն հսկայական չափերի հասնող ատելությունն է՛լ ավելի կխորացնի, և ես չեմ բացառում վրեժխնդրության դեպքեր։ Ցավալի է, որ ազգի վիճակը բարելավելու խոստումներով իշխանության եկած մարդիկ այսքա՜ն դավաճանական կեցվածք կարող են դրսևորել»,- նշում է Մասիս Աբրահամյանը:
Նա հուսով է, որ հարցն անիմաստ սրացում չի ստանա, քանի որ մեր ժողովուրդն այսօր հազա′ր անգամ ավելի կենսական մարտահրավերների առջև է կանգնած, որոնք մեզանից լրջություն, ուժ, կորով և միասնականություն են պահանջում։
Մ.Հ.