Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ:
2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:
Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր այն և Երևանի քրեական դատարանի դատավճիռը թողնվել անփոփոխ։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի (գանգատ թիվ 23086/08) քննության արդյունքում կայացրել է վճիռ, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ միջնորդելով բեկանել 2008-2009թթ. ընթացքում Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ երեք ատյանների կողմից կայացրած վերոնշյալ որոշումները և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»,-գրել է նա: