կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 16:34
Հասարակություն

Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ. Մեսչյան

Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ. Մեսչյան

Այս օրերին համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով Երևանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետի փարիզյան այցի և արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երևանյան հանդիպման ժամանակ: 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները: Առանձնացնելով ծրագրային առաջնահերթությունները՝ քաղաքի գլխավոր ճարտապետը նկատել է, որ նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան և ճոպանուղի, որի մրցույթին, ի դեպ, մասնակցության ցանկություն է հայտնել նաև մի ֆրանսիական ընկերություն: 

«Երևանի համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է: Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ: Այս առումով ձեր այցը չափազանց կարևոր է: Իհարկե, մեր միջև կան մշակութային տարբերություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք մերօրյա քաղաքաշինության մեջ կիրառել նոր մոտեցումներ»,- նկատել է Արթուր Մեսչյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության և ներկայացված տեղեկատվության համար՝ պատվիրակության անդամ, ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Էրիկ Հույբրեշտը նկատել է, որ Երևանն այսօր իր առջև բարձր նշաձող է դրել: Խոսելով գործակցության հստակ քայլերի մասին՝ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է՝ ցույց տալ նորարարությունների կիրառման հնարավորությունները և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակում» հյուրերը հետաքրքրվել են ենթակառուցվածքների բարելավման ներդրումային ծրագրերով: Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են նաև բնապահպանության ոլորտի և քաղաքի կանաչ գոտիների վերականգնման խնդիրներն ու առաջիկա անելիքները: