Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենքի Էրմենիյանից Յեշիլյուրթ դարձած գյուղի պատմությունը
Մուզաֆեր Իրիս
Էրզինջանի (Երզնկա-Ակունք խմբ.), Թունջելիի (Դերսիմ-Ակունք խմբ.), Գիրեսունի (Կերասուն-Ակունք խմբ.), Սվասի (Սեբաստիա-Ակունք խմբ.), Մալաթիայի, Էրզրումի (Կարին-Ակունք խմբ.) շրջանում ու Թուրքիայի բազմաթիվ այլ վայրերում հնարավոր է հանդիպել այդ անվանը։ Վերոհիշյալ Վենքը գտնվում է Տարվոսի լեռնաշղթայի հարավարևելյան մասում, Ադըյամանից` 90 կմ, Քահթայից` 60 կմ, իսկ Գերգերից 3 կմ հեռավորության վրա։ 2016 թ. դրությամբ գյուղը բաղկացած էր 46 տնից։ Շրջանի քուրդ գյուղացիներն այդ գյուղը զազայերեն կոչում են ‘Deva Gavura’, իսկ քրդերեն՝ «Göndi Gavura»։ Երկու դեպքում էլ դա նշանակում է` «գյուղ, որտեղ ապրում են գյավուրները»։ Անկասկած Ադըյամանի Գերգեր գավառում հայկական ու ասորական բնակավայրերը միայն այս գյուղով չեն սահմանափակվում։ Հութ, Փեմբըլըղ, Հունի, Թեմսիյաս, Քըլըք, Վանքուք անուններով հիշատակվող գյուղերը նշանավոր հայկական բնակավայրեր են եղել։ Գյուղի պատմական հուշարձաններն ու ավերակները ցույց են տալիս, որ մ.թ. 300-ական թթ. ասորիներն էլ են ապրել այդտեղ։ Ըստ բանավոր աղբյուրների` գյուղում 600 տուն բնակչություն է եղել. գյուղում գտնվող գերեզմանների թվի մեծությունն էլ է դա ապացուցում։
1878 թ. ջարդերը
Գյուղում ներկա պահին 5 գերեզմանոց կա։ 1519 թ. օսմանյան արխիվի արձանագրություններում գյուղի անունը հիշատակվում է «Վենք-ի Էրմենիայան» անունով։ Բնակիչների առաջին ջարդերը տեղի են ունեցել 1878 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Հետագայում գյուղի մերձակայքում ապրող քրդերը անընդհատ թալանում ու ճնշում են գյուղացիներին, վերջիններս էլ այդ ճնշումներին դիմակայելու համար օգնություն են խնդրում Սիվերեքում գտնվող Քըվրար աշիրեթից։ Ներկայում գյուղում ապրող մուսուլմանները գյուղ են եկել այդ ժամանակ քրիստոնյա համայնքի պաշտպանության համար։ Նորեկները ժամանակի ընթացքում խոսքի իրավունք են ունենում և մինչև իսկ գյուղապետարանում պատշոն ստանում։ Գյուղի պաշտոնական ներկայացուցիչներն էլ այդ մարդկանցից են ընտրվում։
«Սոխը նույն սոխն է»
1915 թ. գյուղում շատ մեծ կոտորած է լինում։ Բազմաթիվ ասորիների ու հայերի հավաքում են գյուղի հրապարակում, Թեմսիյաս (Ներկայում՝ Էսքիքենթ. օսմանյան արխիվային աղբյուրներում առկա են արձանագրություններ որպես Թեբեսիյասի Էրմենիյան) գյուղն անցնում ու նրանց Եփրատը գցում։ Թյուրբա Ջյուհըդիի մոտակայքում ու շրջակա տարածքներում գտնվող քարանձավներում էլ շատ քրիստոնյաներ են սպանվում։ Մի մասն էլ շրջանի գյուղերում բնակվող մտերիմների մոտ են փախչում ու ապաստան գտնում կամ էլ մուսուլման դառնալով` փրկվում մահից։ Գյուղ եկած ջոկատի հրամանատարին ասում են, որ այդ գյուղը ոչ թե հայկական է, այլ` ասորական։ Սակայն հրամանատարն ասում է. «Մեզ համար սոխի գույնը կարևոր չէ, հոտն է կարևոր։ Սոխը նույն սոխն է» և ավելացնում, որ քրիստոնյա լինելը բավարար է նրանց սպանելու համար։ Նա բոլոր քրիստոնյաներին հրամայում է գյուղի հրապարակում հավաքվել։ Գյուղի աղան ինչքան էլ որ ընդդիմանում է, չի կարողանում ջարդերը կանխել։ Գյուղի քահանան ու երեխաները սպանվում են։ Քահանայի Բուք անունով կնոջը հետագայում գյուղի աղան տանում է և իր հարճը դարձնում։ Եկեղեցին թալանվում ու քանդվում է։ Ասում են, թե ներկայում գյուղի կենտրոնում գտնվող մեծ քարի տեղում մի մեծ եկեղեցի է եղել։ Պատմում են նաև, որ եկեղեցու զանգի ձայնը լսվում էր անգամ Սիվերեքից։ Քարի վրա եկեղեցուն պատկանող պատի ու խաչի նմուշներ կան։ Քանդված եկեղեցու քարերը որոշ գյուղացիներ օգտագործում են տների շինարարության մեջ։ Եկեղեցու պարտեզում գտնվող հոգևորականների գերեզմանոցը ոչնչացվում է։ Հիմա այդ գերեզմանոցի տեղում ճանապարհ է անցնում։ Հայտնի է, որ գյուղում բնակվող ընտանիքներից մեկի կինը 1915 թ. Թոքաթից եկած զինվորների հետ միասին է գյուղ հասել։ Կինը հայ է եղել ու շատ լավ խոսել է հայերեն ու թուրքերեն։ Ասում են, թե զինվորների խոհարարն է եղել, սակայն ինչու են նրան թողել գյուղում` հայտնի չէ։
1950-ականներից հետո
1955 թ. գյուղում տեղի ունեցած վիճաբանության պատճառով այստեղի ասորիների մի մասը ստիպված է լինում գաղթել Մարդին։ Սակայն ավելի ուշ Գերգերի աշիրեթները Մարդին են գնում ու ասորիներին կրկին գյուղ բերում։ Սակայն նրանց մի մասը չի վերադառնում։ Վենք գյուղի ու Մալաթիայի Փյություրգեին կից Հավո գյուղի (Էսենջիք) բնակիչների միջև 1965 թ. արոտավայրի պատճառով ծագած բախումների ժամանակ Վենք գյուղից՝ 3, իսկ Հավո գյուղից 2 մարդ սպանվում են։ Գյուղի նախակրթարանը կառուցվում է 1973 թ.։ Այդ ժամանակ տրակտոր է շրջվում, ու մի մարդ ծանր վիրավորվում է։ 1975 թ. տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ երեխա ունեցող մի կին ջրահեղձ է լինում։ Գյուղացիները 1981 թ. իրենք են կառուցում գյուղից գավառակ տանող ճանապարհը։ 1984 թ. էլ էլեկտրականություն է մտնում գյուղ։ Այստեղ եկած Վահափ Դեմիր անունով մի ուսուցչի հրահանգով` ամեն տան համար զուգարան է կառուցում։ 1983 թ. գյուղ է այցելում Ադըյամանի նահանգապետ Քեմալ Էսենսոյը։ Համաշխարհային հռչակ ունեցող հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը 1984 թ. գյուղ է գալիս ու լուսանկարներ անում։ 1980 թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման ժամանակ գյուղում գտնվող մարդկանցից ոմանք բռնության են ենթարկվում։ Որևէ քաղաքական կուսակցության կամ կազմակերպության անդամ չեղող որոշ գյուղացիների անգամ ռազմական մեքենաներից են կապում ու քարշ տալիս։ Նույն ժամանակահատվածում գյուղում առաջին հրուշակեղենի խանութն է բացվում։ Ավելի ուշ գյուղի երիտասարդներին աշխատանքով ապահովելու համար գորգագործության դասեր են սկսվում։ Այդ դասընթացների ժամանակ գործված գորգերը ԱՄՆ են ուղարկվում։
Գյուղի մզկիթը
Նախկինում Թեբեսիյաս-ի Էրմենիյանին (Թեմսիյաս) կից ու Էսքիքենթ(Վենք) անունով հայտնի գյուղը, ավելի ուշ ներկայացված դիմումի համաձայն, 1987 թ. ստանում է Յեշիլյութ անունը։ Գյուղում յայլա բարձրանալու սովորույթը թեև հազվադեպ, սակայն շարունակվում է։ Հնում յայլաներում շատ պարզ մեթոդներով կառուցվող տները ներկայում ժամանակակից տեխնոլոգիաներով են պատրաստվում։ Այստեղի մզկիթի կառուցումը սկսում են իսլամացած հայերն ու ասորիները 1992 թ.։ 2013 թ. էլ մզկիթի մինարեն է կառուցվում։ Սկզբնական շրջանում իմամ չեն կարողանում գտնել։ Մինչև իմամը կանցներ իր պարտականությունների կատարմանը՝ իսլամացած որոշ ասորիներ էզան են կարդում ու գյուղացիներին ստիպում նամազ անել։ Ամառային արձակուրդների ժամանակ իսլամացած քրիստոնյաների երեխաների համար Ղուրանի դասեր են կազմակերպվում։
1984 թ. ճնշումներին չդիմացած որոշ ասորի ընտանիքներ իսլամ են ընդունում։ Ներկայում գյուղում հայ չկա. 6 ասորի ընտանիք է ապրում։ 2016 թ. մարտի 7-ին գյուղի ու Ավաջըք յայլայի միջև գտնվող Բորի քարհանքում եղած չափից շատ դինամիտները մասնագետների կողմից ոչնչացվում են, որի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Վենք գյուղից մի մարդ ու դինամիտներ պատրաստելու մասնագետներից մեկը զոհվում են։ Լեռան լանջին ընկած գյուղը Եփրատին է նայում։ Գյուղում ավերակ վիճակում գտնվող եկեղեցու մնացորդներն են նշմարվում։ Կան պնդումներ առ այն, որ դրանցից մեկը գյուղի հյուսիսում գտնվող, դեռևս քարե պատերը կանգուն ու ժողովրդի մեջ Բարսաում անունով հիշատակվող Մոր Բարսաումի տաճարն է: Իսկ մյուս տաճարն էլ գյուղի հյուսիս-արևելքում՝ 100 մետր բարձրունքի վրա գտնվող Մոր Աֆրեմի (Մուրֆան) տաճարն է։ Այնտեղ կան քահանաների սենյակներ, որոնց պատուհաններն ու դռները ժայռերի մեջ են փորված, իսկ Եփրատին նայող պատերը դեռևս կանգուն են։ Այն երեք մասի է բաժանվում։ Տաճարի երրորդ մասը գանձագողերի կողմից ավերվել ու խճաքարերով է լցվել։ Հայտնի է, որ այդ տաճարում բազմաթիվ գիտուն ու հավատացյալ մարդիկ են ապրել։ Ինչ վերաբերում է տաճարի կառուցվածքին, ապա այն Մարդինի ու շրջակայքում գտնվող ասորական ճարտարապետության յուրահատկություններն ունի։
Գյուղը` որպես զբոսավայր
Գյուղն իր բնական գեղեցկությամբ ու ջրի ակունքների տեսանկյունից Գերգեր գավառի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկն է համարվում։ Գյուղացիներն ապրուստը վաստակում են գյուղատնտեսության ու անասնապահության միջոցով։ Այն բնական գեղեցկությունների տեսանկյունից հայտնի է նաև որպես շրջապատի ամենանախընտրելի զբոսավայրերից մեկը։ Գերգերում գտնվող շինարարների, հյուսների, ներկարաների, դարբինների մեծ մասը այդտեղի գյուղացիներն են։ Գյուղում յայլաներ գնալու ավանդույթն էլ դեռ պահպանվում է։ Ներկայում Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու ընդհանրապես աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ գյուղից գնացած մարդիկ են ապրում։ Գյուղի բնակչության, հատկապես՝ երիտասարդության թիվն օրեցօր նվազում է։ Ներկայում գյուղի դպրոցականները կրթություն ստանալու համար գնում են Գերգեր։
Թարգմանեց Անի Մելքոնյանը