կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 17:50
Տարածաշրջան

Մարդինում 1700-ամյա եկեղեցին հանվել է վաճառքի․ ասորիները դեմ են

Մարդինում 1700-ամյա եկեղեցին հանվել է վաճառքի․ ասորիները դեմ են

Մարդինը, որտեղ ապրում են բազմաթիվ հավատքների հետևորդներ, զանազան կրոնների և լեզուների խաչմերուկ է և հանդուրժողական քաղաք։ Այնտեղի պատմական եկեղեցին հանվել է վաճառքի, որն հարուցել է ասորիների վրդովմունքը։

Մարդինում գտնվող և 1700-ամյա պատմություն ունեցող այս եկեղեցու շենքը հանվել է վաճառքի՝ յոթ մլն երկու հարյուր հիթսուն հազար թուրքական լիրա արժեքով։ Մշակույթի և զբսաշրջության նախարարության կողմից որպես մշակութային հարստություն գրանցված Մոր Յուհաննա (Սուրբ Հովհաննես) ասորական եկեղեցու վաճառքի հանվելուց հետո Մարդինի և Դիարբեքիրի ասորական համայնքի առաջնորդներից Դեյրուլզաֆարան վանքի մետրոպոլիտ Սալիբա Օզմենը  համապատասխան կառույցներից պահաջել է դրա դեմ քայլեր ձեռնարկել։

Հաղորդվում է, որ Մարդինի Թեքեր թաղամասի Աքըն փողոցում գտնվող Մոր Յոհաննա ասորական եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից որպես մշակութային   հարստություն գրանցված Մոր Յուհաննա եկեղեցու մուտքը բաղկացած է երկու տարբեր սենյակներից և ծեսերն անելու համար նախատեսված բաժիններից։ Եկեղեցում 3 հոգևորականների գերեզմաններ և երկու տարբեր թունելներ կան։ Այնտեղ հնարավոր չէ կրոնական արարողություն կատարել, քանի որ եկեղեցին երկար ժամանակ որպես պահեստ է օգտագործվել։ Եկեղեցուն տեր դարձած Իբրահիմ Այջուն ասում է, որ հայրը այն գնել է որպես պահեստ և աշխատավայր, իսկ ինքը հորից է ժառանգություն ստացել։ Այջունը հորից ժառանգություն մնացած եկեղեցին վաճաելու համար լիազորություն է տվել Մարդինում անշարժ գույքի վաճառքով զբաղվող Մահսում Ալթային։

Անշարժ գույքի գործակալ Ալթայը եկեղեցու հետ առնչվող տեղեկությունները և լուսանկարները ներբեռնել է Sahibinden.com կայքից և 1700 տարվա պատմություն ունեցող, գրանցված եկեղեցու շենքը վաճառքի է դրել յոթ մլն երկու հարյուր հիթսուն հազար թուրքական լիրա արժեքով։

Ասորիների արձագանքը կառույցը պետք է մնա որպես եկեղեցի

Հանդուրժողականության քաղաք համարվող Մարդինում, որտեղ կատարվել են բազմաթիվ կրոնական արարողություններ, և որը բազմաթիվ հավատքների և լեզուների խաչմերուկ է, պատմական եկեղեցու՝ համացանցում վաճառքի հանվելը հարուցել է ասորիների վրդովմունքը։

Մարդինի և Դիարբեքիրի ասորական համայնքի ղեկավարներից Դեյրուլզաֆարան վանքի մետրոպոլիտ Օզմենն ասել է, թե ցավալի է այն փաստը, որ եկեղեցին կրկին համացանցով վաճառքի է հանվել։ Նա ընդգծել է, որ եկեղեցին մշակութային հարստություն է և նշել․ «Մեր եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ։  Ինչ էլ լինի, այն պետք է մնա որպես եկեղեցի։ Տխուր է, որ կառույցը հանվել է վաճառքի։ Մենք ցանկանում ենք, որ եկեղեցու շենքը հանձնվի Մարդինի Դեյրուլզարֆարան հիմնադրամին։ Եթե հնարավորություն ունենայինք գնել այն, ապա կգնեինք, սակայն չենք կարող։ Հուսով ենք, որ համապատասխան կառույցները կկանխեն եկեղեցու վաճառքը»։

Հարցը քննարկել են ասորական համայնքի ներկայացուցիչների հետ

Գույքի սեփականատեր Իբրահիմ Այջունը չցանկացավ մեզ հետ խոսել, իսկ անշարժ գույքի գործակալ Մահսում Ալթայը նշեց, որ պատմական կառույցը սեփական ունեցվածք է․ «Այդ շինությունը որևէ համայքի կամ կազմակերպության չի պատկանում։ Այն սեփական գույք է։ Անցած տարիներին այդ եկեղեցին գնահատվել է 12 մլն, սակայն գույքի սեփականատերը գինը իջեցրել է մինչև 7 մլն թուրքական լիրայի, մենք էլ հանել ենք վաճառքի։ Մի շաբաթվա մեջ տասնյակ մարդիկ են զանգահարել։ Պահանջարկը մեծ է, սակայն գնի հարցում չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Հատկապես արտասահմանից զանգողներ կան։ Ներկայում ասորական համայնքների հետ հանդիպումներ ունենք։ Թանգարանի տնօրինությունից ստացանք կառույցի գրանցված լինելու վերաբերյալ փաստաթուղթը, անհրաժեշտ գրագրությունն արեցինք։ Վաճառքի հարցում խնդիր չունենք։ Գնորդը եկեղեցին  կարող է օգտագործել ըստ իր հայեցողության»։

Ոչինչ չենք կարող անել

Մարդինի թանգարանի տնօրինության լիազորն ասաց, որ եկեղեցին սրանից 5 տարի առաջ դարձյալ վաճառքի էր հանվել։ Նա նշեց, որ Մարդինում կան 9 գրանցված կառույցներ և հավելեց․ «Խնդրո առարկա եկեղեցին էլ այդ գրանցված եկեղեցիներից մեկն է։ Այն, որ կառույցը կրկին հանվել է վաճառքի, իսկապես ցավալի է։ Մենք ցանկանում ենք, որ այն մնա որպես եկեղեցի։ Դրա համար մենք հանդիպումներ և գրագրություն ենք ունեցել։ Սակայն գույքի սեփականատիրոջ ձեռքում սեփականության վկայական կա։ Այդ պատճառով շատ բան չենք կարողանում անել»։

Մի շրջան օգտագործվել է որպես մզկիթ

Մարդին քաղաքի թանգարանի տնօրեն Գանի Թարքանը կիսվել է եկեղեցու վերաբերյալ ավելի վաղ արված մի ուսումնասիրությամբ։ Նա հետևյալ մեկնաբանությամբ է հանդես եկել․ «Պարզ է, որ Մարդինում տարիներ շարունակ որպես պահեստ օգտագործված և ենթադրաբար 5-րդ դարում կառուցված այս շինությունը եկեղեցի է։ Այնտեղ կան պատրիարքների գերեզմաններ։  Ասում են, որ եկեղեցու ներսում գտնվող դուռը տանում է դեպի Դեյրուլզաֆարան վանք, իսկ մյուս դուռը՝ ամրոց։ Մոտավորապես 400 քմ տարածք ունեցող կառույցի բարձրությունը մոտ 15 մ է։

Այստեղ պատրիարքների գերեզմաններ կան։ Այն մեզ ծանոթ դասական եկեղեցիներից է։ Թեև եկեղեցին մակագրություն չունի, վրայի զարդաքանդակների յուրահատկություններից և տարածաշրջանում եղած այլ կառույցների նմանությունից ելնելով, ենթադրվում է, որ այն կառուցվել է 4-րդ, 5-րդ կամ էլ 6-րդ դարում։ Հայտնի է, որ այդ եկեղեցուն նման եկեղեցիների մակագրություններում նշվում է, թե վերջիններս կառուցվել են 4-5-րդ դարերում։ Ինչպես օրինակ՝ Սավուրին կից Դերեիչի գյուղում գտնվող Մոր Յոհաննե եկեղեցին և Դեյրուլզաֆարան վանքի ներսում գտնվող Սրբերի տունը։ Նուսայբինում (Մծբին-Ակունք խմբ) գտնվող Մոր Յակուփ եկեղեցին ունի նման զարդաքանդակներ։ Որմնադրությունը նույնն է, ճարտարապետական նախագիծը նույն սխեման ունի։ Այդ եկեղեցու դռները շատ են նման Մոր Յակուփ եկեղեցու դռներին։ Պատրիարքների գերեզմաններն էլ ունեն նույն առանձնահատկությունները, ինչ Դեյրուլզաֆարան վանքում գտնվողները։ Եկեղեցու ապսիդը դեռ կանգուն է։ Մի ժամանակ օգտագործվել է քրիստոնյաների կողմից և ստացել այդ ժամանակաշրջանին բնորոշ յուրահատկություններ։ Հատկապես այն, որ կողք կողքի երեք գերեզմաններ կան։ Գերեզմանների վրա արված զարդանախշերի յուրահատկություններին նայելիս հնարավոր է նկատել նաև սելջուկյան շրջանին բնորոշ հատկություններ։ Զարդաքանդակներն ունեն նաև իսլամական ժամանակաշրջանին հատուկ որոշ տարրեր։ Դրսում հսկայական քարեր կան։ Այդ ժայռաբեկորներն էլ ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել է վաղ բյուզանդական դարաշրջանում, վաղ հռոմեական ժամանակաշրջանում։ Եկեղեցին տարբեր ոճերի կառույց է։ Այն չի կառուցվել միայն մի ժամանակաշրջանում։ Զանազան ժամանակաշրջաններում էլ վերանորոգվել է։ Որպես մզկիթ էլ է օգտագործվել։ Եկեղեցու հարավային հատվածում զոհասեղան կա։ Տեղյակ եք, որ եկեղեցիներում հարավային հատվածում զոհասեղան չի լինում։ Զոհասեղանի առկայությունն ապացույցն է այն բանի, որ եկեղեցին մի ժամանակ օգտագործվել է որպես մզկիթ»։

Ի դեպ եկեղեցու սեփականատեր Իբրահիմ Այջունը մոտ 5 տարի առաջ եկեղեցին հանել էր վաճառքի, Մարդինում ապրող ասորիները դրա դեմ էին դուրս եկել։

https://independentturkish.com/node/262631/haber/mardinde-1700-y%C4%B1ll%C4%B1k-kilise-sat%C4%B1l%C4%B1%C4%9Fa-%C3%A7%C4%B1kar%C4%B1ld%C4%B1-s%C3%BCryaniler-karara-tepkili 

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net