կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-22 13:45
Հասարակություն

Հայերն ուզում էին թուրքերի և քրդերի հետ հավասար ապրել, բայց շարիաթը նրանց իրավունք չէր տալիս

Հայերն ուզում էին թուրքերի և քրդերի հետ հավասար ապրել, բայց շարիաթը նրանց իրավունք չէր տալիս

Աղբյուրը՝ armeniangenocide100

Թովիկ Բաղդասարյանի վկայությունը

1901 թ., Վան, Հայոց ձոր, Հնդստան գյուղ

Ցեղասպանությունը վերապրած Թովիկ Բաղդասարյանը խոսել է Հայոց ցեղասպանության հիմնական պատճառների մասին՝ ասելով, որ հայերն ուզում էին թուրքերի և քրդերի հետ հավասար ապրել, բայց նրանց շարիաթն իրավունք չէր տալիս: Բացի այդ, Թուրքիայի ամենից բանիմաց ժողովուրդը հայերն էին, որ բարձր մշակույթ ունեին` ճարտարապետները, երաժիշտները, առևտրականները հայերն էին: Հայերի ինքնավարությունից խուսափելու, նոր Բուլղարիա չստեղծելու համար նրանք ամեն կերպ ուզեցին հայերին վերացնել:

Ծնվել եմ չքավորի ընտանիքում: Այսօր էլ մեր գյուղը աչքիս առաջ է: Մեր գյուղը ուներ երեսունյոթ տուն բնակիչ, որից քսանինը հայ էր, ութը` թուրք, ընդհանուր հաշվով մոտ երկու հարյուր քսան հոգի:

Գյուղացիները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում ունեինք միայն երկու հյուսն արհեստավոր, որոնք ձրի նորոգում էին դուռ ու պատուհան, սարքում էին իշաոտիկներ: Մեր գյուղը թաղված էր այգիների մեջ: Պատմում էին, որ երբ հեռավոր Հնդկաստանից մի մարդ է գալիս ու հիմնում է այդ գյուղը, անունը մնում է` Հնդստան: Իսկ Մկրտիչ Խրիմյանն ասել է` դա այգեստան է, հանդ ու անդաստան, դրա համար է անունը կոչվում Հնդստան:

Գյուղի բնակչությունն ունեցել է իր տնտեսությունը, տները կլոր, փոքր քարից էին և դարմանի ու հողի շաղախից, իրար կպած: Յուրաքանչյուր տուն ուներ առանձին անցք, որտեղից շատ գաղտնի, կարևոր տեղեկություններ էին հաղորդում միմյանց: Թուրք զաբթիաները գալիս էին որտեղ ասես, և այդ անցքերից հայերը իրենց հասած աղջիկներին անցքից-անցք էին անցկացնում, որ թուրքերը չտիրեն նրանց: Հատակը հողից էր: Թունդիրը վառում էին աթարով, և այդ ծուխը երկու-երեք ժամ մոլեգնում էր, նույնիսկ հարազատի երեսը տեսնելն անհնար էր: Դուրս էինք գալիս, հետո մտնում, պպզում թունդիրի շուրջը: Փոքրիկ ձեռագործ կավե ամանի մեջ ձեթ էին լցնում, մեջը` պատրույգ և ամրացնում էին սյանը, աղեղի ծայրով պատրույգը բարձրացնում էր մի հասած աղջիկ, որը կանգնած էր լինում սյան տակ:

Ես արդեն խելահաս էի դարձել: Մենք մի երինջ ունեինք, դա կով էր դարձել, խայտաբղետ էր: Երբեմն մայրս ստիպում էր, որ ես հորիցս առանձին դրան տանեմ արածացնելու: Մի գետ էր հոսում: Կեսօրին անասունները ջրի մոտ հանգստանում էին, իսկ մենք լողանում էինք գետում:

Վեց-յոթ տարեկան էի, երբ ամերիկյան բողոքականներն իրենց դպրոցը բացեցին: Ուսուցիչը աչքերը խփած աղոթք էր անում, աստվածապաշտ էր, Հիսուս Քրիստոսի անունն էր տալիս մշտապես: Աշակերտները քսան-երեսուն հոգի էինք: Շատերն իրենց ծնողներից լսել էին Ավետարանի մասին, և նրանք գալիս էին, լսում նրա դասերը: Մենք սովորում էինք ոչ թե հնչական, այլ` այբ, բեն, գիմ ասելով, որպեսզի հեշտ լինի երգի վերածել, որ երգելով սովորենք: Այս մեթոդով Ղուրանն են սովորեցրել Արևելքում: Ես գյուղում քիչ սովորեցի: Ով ինչ գիրք բերում էր, դա էլ սկսում էր կարդալ:

Ես երեք ամսական հասակում էի` հայրս մահանում է, և մայրս ամուսնանում է երկրորդ անգամ: Ամուսինը մահանում է, նրա չորս զավակների հետ ես էլ որբ եմ մնում: Բայց իմ քեռին ինձ տարավ Վարագա վանք, որը մեր գյուղից քսանհինգ կիլոմետր հեռու էր: Թե ինչպիսի գեղեցկություն էր, բառերով չեմ կարող նկարագրել: Լուսամուտից ցած` Վան քաղաքն էր բացվում ծովափին, Շամիրամա բերդը, Շամիրամի առուն, որը խառնվում էր ծովակին:

Մեր գյուղի քրդերը հայերի հետ եղբոր պես էին: Մեր հայերի և քրդերի միջև եղբայրական կապ կար: Հայերը խոսում էին քրդերեն, հայերեն, քրդերը ևս: Հայերը քրդերի հետ աշխատում էին, հնձում էին, կալսում էին, իրար հետ փոխնիփոխ նույն գդալով ուտում էին: Երբ քրդերը ներս էին մտնում, խեղճ հայերը բեկի առաջ խոնարհվում էին, ձին կերակրում էին: Դրա համար էլ քրդերը հայերի հետ լավ էին: Բայց հետո քրդերն էլ սկսեցին հայերին կոտորել:

Քանի որ կառավարությունը գիտեր, որ հայը ուժեղ է և հարուստ, դրա համար էլ սուլթան Համիդը կազմակերպեց համիդեական գնդեր, որոնք քրդեր էին և մեծ փորձանք եղան հայերի համար:

Գյուղերում թուրք զաբթիաները գալիս, հարկերը հավաքում էին, բայց երբ քյուրդ բեկերը գալիս էին, հայերը հեռանում էին իրենց տներից: Դա արհավիրք էր, որ գալիս էր:

Ես սովորում էի Վարագա վանքում: 1912 թ. Վարագա վանքում հայ գրերի գյուտի հազար չորս հարյուր ամյակի առթիվ մեծ հանդիսություն եղավ: Ես հիշում եմ Իշխանի ելույթը: Իշխանից ազատվելու համար Ջևդեթ փաշան ուզեց նրան վերացնել և ուղարկեց նրան, որ հայ-քյուրդ հարաբերությունները բարելավի:

Երեսուն օր թուրքերը կռվեցին հայերի դեմ: Հայերը դիրքեր էին փորում: Մենք անփորձ էինք, չգիտեինք, թե ինչ կա, բայց Վանի երեխաները շատ բան գիտեին:  Մեզ երբ Վարագա վանքից բերեցին Վան, տեսա հայկական թաղամասում` Այգեստանում Ֆանֆառի նվագախումբը «Մեր Հայրենիք» էր նվագում և ոգևորում էր կռվողներին: 

Երեսուն օր հետո, երբ թուրքերը ռուսների անունը լսեցին, փախչում էին: Քանի որ Էնվեր փաշայի բանակից միայն փշրանքներ ետ եկան, Անդրանիկը գնում է, Բիթլիսը գրավում: Ռուսները չէին ուզում Բիթլիսը գրավել: Անդրանիկը կամավորական ջոկատների օգնությամբ գրավում է Բիթլիսը:

Երբ կռիվը վերջացավ, ես գնացի գյուղ: Մայրս վեց որդիներով էր: Ես ու իմ խորթ եղբայրները միացանք, մեզնից խլված անասունները ետ բերեցինք քրդերից: Դարձանք երկու կովի և մեկ ձիու տեր: Մեր գյուղի գյուղացիները փախել էին: Ովքեր զենք ունեին և կռվել էին, եկել, կուտակվել էին Վարագա վանքում, որը գաղթականության կենտրոնատեղին էր դարձել:

Ցարական Ռուսաստանը իր զորքին հրամայեց նահանջել: Մենք էլ ստիպված գաղթեցինք դեպի Բերկրի, ուր մի անդնդախոր ձոր կար, որից հետո պիտի մտնեինք Աբաղայի դաշտը: Հարյուր հազարավոր գաղթականներ լցվել էին, որոնք իրենց փրկությունը համարում էին Երևան հասնելը: Մորս, երեխաների հետ հասանք Բանդիմահու փրփրադեզ գետը: Ես խնդրեցի մորս, որ գնամ ջուր շփեմ երեսս: Ես գնացի, հանկարծ կարկտաբեր մի բան սկսվեց: Քրդերը պաշարել էին հանդիպակաց ձորի վերին մասը, կրակում էին, մարդիկ գլորվում էին: Ես տեսնում էի, թե ինչպես եկողներն իրենց գցում էին ջուրը: Ես էլ հանվեցի, նետվեցի ջուրը: Մինչև գետի կեսը որ հասա, ջրի հոսանքը ինձ տարավ ներքև: Դիակները հարյուրներով գալիս էին իրար ետևից, քշվում էին դեպի ծով: Հանկարծ մի փեշ կպավ ինձ, մի կին բռնել էր ծառից: Ես նրա փեշից կպա ու կամաց-կամաց դուրս եկա: Ես էդ կնոջ ազատածն եմ: Ո՞վ էր այդ կինը` չգիտեմ: Դուրս եկանք գետից` մրսում եմ, դողում եմ: Ես մի ռուս զինվորի խնդրեցի, որ մեզ նստեցնի ձիու վրա: Ձին չգնաց: Իջա: Տեսա մի կով կա: Բեռնակիր կովի ջվալները ընկել էին, մեջը գաթա կար: Ես սոված էի, կերա: Մի մարդ ինձ նստեցրեց կովի վրա ու կապեց պարանով: Ժողովուրդը գոռում, գոչում է, ամեն մեկը իր հարազատին է փնտրում:

Ես էլ երեկոյան մյուսների հետ մի տեղ հասա, նստեցինք հանգստանալու: Ես իջա, կովի պարանը կապեցի ոտքիս, պառկեցի: Մտածում եմ` ի՞նչ եղան մերոնք: Մեկ էլ մի ձայն լսեցի, տեսնեմ ամուսնացած քույրս է: Փաթաթվեցինք: Ես կովի հետ առաջ գնացի: Գտա մորս, քույրերիս, մորաքույրս նստել էր կանաչների վրա` վայ-վույ էին անում, ողբում էին իմ մահը: Հանկարծ ինձ որ տեսան, ձեռքերի վրա բարձրացրին: Շարունակեցինք, հասանք Աբաղայի դաշտը, հետո Օրգով, որը ռուսական սահմանն էր: Առաջին օգնությունը հայերին տվին, հաց բերին, բաժանեցին: Մենք սկսեցինք առաջին անգամ ախորժակով բոքոն ուտել: Երկու-երեք օր մնացինք, հետո Իգդիրի վրայով դեպի Էջմիածին եկանք:

…Հայոց ցեղասպանության հիմնական պատճառն այն էր, որ հայերն ուզում էին թուրքերի և քրդերի հետ հավասար ապրել, բայց նրանց շարիաթը իրավունք չէր տալիս: Բացի այդ, Թուրքիայի ամենից բանիմաց ժողովուրդը հայերն էին, որ բարձր մշակույթ ունեին` ճարտարապետները, երաժիշտները, առևտրականները հայերն էին: Հայերի ինքնավարությունից խուսափելու, նոր Բուլղարիա չստեղծելու համար նրանք ամեն կերպ ուզեցին հայերին վերացնել:

Թուրքերի նկատմամբ մեր վերաբերմունքն այն է, որ մենք երբեք չենք մոռանա կատարվածը: Բայց թուրք ժողովուրդը ի՞նչ կարող էր անել, քանի որ մեզ առաջին հերթին կոտորել է թուրք վերնախավը: Մենք երբեք չենք կարող մոռանալ նրանց արարքը: Մենք մեր սերունդներին պետք է ավանդենք, որ մեր իրավունքները պահանջենք, մեր հողերը ետ տան: Նրանք մեր չորս հազար եկեղեցիներն են քանդել: Հազարավոր մարդիկ են կոտորել: Ապրիլի 24-ը մեզ համար սրբազան օր է: Մենք ընտանիքով` որդիներով, թոռներով, ծոռներով, այդ օրը գնում ենք Եղեռնի հուշարձանի մոտ, որպեսզի նրանք իրենց հոգում պահեն այդ հիշողությունը:  

Ապագա սերունդներին կուզեմ ասել, որ ամեն մի հայ զգա, թե իր պապը ինչպես է ոտք դրել Արևելյան Հայաստան: Հայը ունեցել է իր չքնաղ հայրենիքը: Նոր սերունդները չպետք է մոռանան և ամեն ինչ պետք է անեն, որ արդարությունը հաղթանակի, և արևմտահայության հարցը լուծվի: Գերմանացի խոշոր գործիչներ Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգը քննադատեցին Վիլհելմյան կառավարությունը: Թուրքերը հենց իրենք դատապարտեցին Թալեաթ փաշային և շատերին: Ես հույս ունեմ, որ ՄԱԿ-ը իր արդար դատը կկատարի:

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 31, էջ 128-129, 130-131